16 Օգոստոսի 2026, 17:40
Ֆրանսահայ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը հայտարարել է իր նոր՝ «SIR!» խորագրով ալբոմի թողարկման մասին։
Ձայնագրությունը կատարվել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, դիրիժոր Ֆրանսուա-Քսավյե Ռոթի և դաշնակահարուհի Նաթանա Էլ Գուենի համատեղ մասնակցությամբ։ Ալբոմը կթողարկվի օգոստոսի 21-ին՝ Alpha Classics լեյբլի ներքո։
Սիրանոսյանը համարվում է իր սերնդի ամենավառ կատարողներից մեկը։ Ութ տարեկանում նա ընդունվել է Լիոնի տարածաշրջանային կոնսերվատորիա, այնուհետև գերազանցությամբ ավարտել Լիոնի Երաժշտության և պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիան, իսկ հետագայում ուսումը շարունակել Բազելում։
Երաժիշտը ակտիվորեն համերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում՝ համագործակցելով առաջատար նվագախմբերի և անվանի մենակատարների հետ։ 2024 թվականից նա դասավանդում է Փարիզի Երաժշտության և պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում։