Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան

Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան

Իսպանիայի Մալագա քաղաքում հետազոտողները հայտնաբերել են 5000 տարվա վաղեմության քարե դամբարան-հուշարձան, որի երկարությունը հասնում է տպավորիչ 12 մետրի։ Միևնույն ժամանակ, այն աներևակայելի լավ է պահպանվել և լի է արտեֆակտներով։

«Մենք կարող ենք խոսել ամբողջ Անդալուսիայում (Իսպանիայի ամենահարավային ինքնավար մարզում) ամենամոնումենտալ և լավ պահպանված դոլմեններից մեկի մասին», — հայտարարել է Կադիսի համալսարանի պրոֆեսոր Սերաֆին Բեսերան։

«Այս կառույցի իրական ներուժը դրա բացառիկ պահպանվածության մեջ է, ինչը մեզ թույլ կտա մանրամասն պատկերացում կազմել այդ համայնքների կենսակերպի և հավատալիքների մասին», — ասել է ծրագրի համաղեկավար Էդուարդո Վիհանդեն։

Նշվում է, որ քարե դամբարանը ոչ միայն երկար է, այլև բարդ կառուցվածք ունի։ Պեղումների այս վայրում, որը բաղկացած է մոտ 2 մետր բարձրությամբ օրթոստատային սալերից (ուղղահայաց տեղադրված քարերից), կան մի քանի ներքին հատվածներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ընդլայնել պատկերացումները մ.թ.ա. երրորդ հազարամյակում Պիրենեյան թերակղզու հարավում գոյություն ունեցած թաղման ծեսերի վերաբերյալ։

Դամբարանի ներսում հետազոտողները հայտնաբերել են մի քանի «հեղինակավոր» թաղման խցեր, որտեղ գտնվել են մահացածների ոսկորներ և թաղման տարատեսակ պարագաներ՝ սկսած փղոսկրից և սաթից, որոնք համարվում են էկզոտիկ նյութեր, մինչև խեցիներ և այն, ինչը հետազոտական խումբն անվանում է «նրբաճաշակ կայծքարե իրեր»։ Կայծքարե իրերի հավաքածուն ներառում է նետասլաքներ, մեծ չափերի շեղբեր և «բացառիկ հալեբարդ» (երկու ձեռքով գործածվող, կացնանման զենք)։

Leave a Comment