Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում մոտ 4 հազար մարդ է տարհանվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած չորս զինամթերքի հայտնաբերման պատճառով։ Դրանք հայտնաբերվել են շինարարական աշխատանքների ընթացքում։ Այս մասին հայտնում է Polsat հեռուստաալիքը։
«Ընդհանուր առմամբ կտարհանվի մոտ 4 հազար մարդ», — հեռուստաալիքին ասել է Վարշավայի ոստիկանության տեսուչ Բարտոլոմեյ Սնյադալը։
Polsat-ի տվյալներով՝ վտանգավոր գտածոյի շուրջ ստեղծվել է 300-400 մետր շառավղով պահպանվող գոտի։ Տարհանվում են ոչ միայն տարածքի բնակիչները, այլև հարակից ութ գրասենյակային շենքերում աշխատող քաղաքացիները։
Հայտնաբերված զինամթերքի տեսակը չի նշվում։ Ամենայն հավանականությամբ, խոսքը կարող է լինել հրետանային արկերի մասին, որոնք հողի մեջ են մնացել 1944 թվականի օգոստոսին սկսված Վարշավայի ապստամբությունից հետո։ Հայտնաբերման վայրում աշխատում են սակրավորները։