Նավիգացիոն կապարակնիքով բեռների հետագծման ծառայությունը կարող է արժենալ 56 հազար դրամ

Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։Նախագծով առաջարկվում է սահմանել Եվրասիական տնտեսական միության տարածքով ապրանքների փոխադրման հետագծման ծառայությունների նոր սակագներ։ Մասնավորապես, տեղորոշման կապարակնիքի տեղադրմամբ հետագծման ծառայության համար նախատեսվում է 56 հազար դրամ սակագին՝ ներառյալ հարկերը, իսկ առանց կապարակնիքի ֆիզիկական տեղադրման հետագծման ծառայությունը նախատեսվում է մատուցել անվճար։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» 19.04.2022թ. համաձայնագրի 15-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրման հետագծումն իրականացնող ազգային օպերատորի կողմից հետագծման օբյեկտը տեղորոշման կապարակնիքներով ապահովման համար պատասխանատու անձին տրամադրվող տեղեկությունների կազմը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի ազգային օպերատորն ապահովում է փոխադրման հետագծումը։ Նույն համաձայնագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրման հետագծումն իրականացնող ազգային օպերատորի ծառայությունների գները (սակագները) (տեղորոշման կապարակնիքներ դնելը (հանելը), անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման ապահովումը, տեղեկատվության տրամադրումը, հետագծման օբյեկտին՝ տեղորոշման կապարակնիքների անհրաժեշտ քանակությամբ ապահովումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող այլ ծառայություններ) սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ սահմանվել է այդպիսի ազգային օպերատորը։

Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել վերը նշված դրույթներով ազգային օրենսդրությանը վերապահված իրավակարգավորումները։

Միաժամանակ, ՀՀ ազգային օպերատորի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ որպես՝ ՀՀ ազգային օպերատորի կողմից  մատուցվող ծառայությունների սակագների ձևավորման հիմք ընդունվել են հետևյալ հիմնական սկզբունքները՝

  1. հիմնական ներդրումներ էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծման համար,
  2. տեղեկատվական համակարգի ստեղծում և 24/7 ռեժիմով սպասարկում,
  3. տեղորոշման կապարակնիքների անհրաժեշտ քանակի ձեռքբերում (1 կապարակնիքի շահագործման ժամկետը 3 տարի),
  4. տեխնիկական միջոցների ձեռքբերում (սերվերներ, պահուստային սերվերներ, կապի միջոցների ձեռքբերում և վարձակալություն, համակարգչային տեխնիկայով համալրում և այլն),
  5. մաքսային տերմինալներում և Հայաստանի Հանրապետության անցման կետերում տարածքների վարձակալություն, տրանսպորտային միջոցների ձեռքբերում և շահագործման վերաբերվող ծախսեր,
  6. ազգային օպերատորի կողմից գործառույթն ապահովելու նպատակով անձնակազմի վերաբերվող ծախսեր (տնօրեն, տեխնիկական տնօրեն, տեխնիկական աջակցման աշխատակիցներ, օպերատորներ, նախագծի ղեկավար, բիզնես վերլուծաբան, ծրագրավորողներ, որակի վերահսկման մասնագետներ, կապարակնիքները տեղադրող/հանող շրջիկ խմբերի անձնակազմ և այլն),
  7. միջօպերատորական պայմանագրով նախատեսված ծախսեր:

Նավիգացիոն կապարակնիքների կիրառման գնագոյացման հաշվարկը որոշակի բարդություններ ունի, քանի որ այն բազմագործոն ազդեցությունների արդյունք է։ Մասնավորապես, նավիգացիոն կապարակնիքները Եվրասիական տնտեսական միության օրենսդրության շրջանակներում ենթադրում են համագործակցություն այլ անդամ պետությունների օպերատորների հետ, քանի որ հետագծելիությունը պետք է ապահովվի առնվազն երկու պետություններին տարածքում, հետևաբար դրանից բխող ռոումինգային ծառայությունների և օպերատորների փոխգործակցության ծախսերի առաջացմամբ։ Հաշվարկների առումով ամենակարևոր գործոնը ծառայությունների ծավալն է, քանի որ մեծ քանակությունների դեպքում մեկ միավորի արժեքը ավելի ցածր է լինում, իսկ փոքր ծավալների դեպքում բեռը կիսվում է ավելի քիչ թվով օգտագործողների վրա։ Այս առումով կանխատեսելիությունը չափազանց կարևոր է։ Պակաս կարևոր հանգամանք չէ նաև այլ անդամ պետությունների օպերատորների սակագները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առկա է օպերատորների միջև միջօպերատորական համաձայնագիր։ Ստորև ներկայացնում ենք հաշվարկներ գնագոյացման օբյեկտիվ պատկեր ստանալու համար։

Գնագոյացման հաշվարկի հիմքում ընկած են ինչպես կապիտալ ծախսերը, որոնք կփոխհատուցվեն երկարաժամկետ կտրվածքով, այնպես էլ ընթացիկ ծախսերը, որոնք ունեն փոփոխուն բնույթ։ Մոդելի հիմքում ընկած է ծախսեր + շահույթ սկզբունքը (առանց ԱԱՀ)։

Կատարված հաշվարկների հիման վրա առաջարկվում է hետագծման օբյեկտի փոխադրման սկիզբ  և դրա հետագծում առանց տեղորոշման կապարակնիքի ֆիզիկական տեղադրման ծառայությունը մատուցել անվճար, իսկ հետագծման օբյեկտի փոխադրման սկիզբ և դրա հետագծում` տեղորոշման կապարակնիքի տեղադրման միջոցով ծառայության համար սակագինը սահմանել 56000 ՀՀ դրամ (ներառված հարկերը), թվով 5 տերմինալներում նավիգացիոն կապարակնիքի տեղադրման ծառայությունների մատուցման համար։

Միաժամանակ, ուսումնասիրելով Եվրասիական տնտեսական միության այլ ազգային օպերատորների ծառայությունների սակագները՝ ներկայացվել են հետագծման օբյեկտի փոխադրման հետևում – 28000 ՀՀ դրամ (ներառված հարկերը) և հետագծման օբյեկտի փոխադրման ավարտ – 29000 ՀՀ  դրամ (ներառված հարկերը) սակագները, հիմնվելով բոլորի միջին սակագների վրա: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նավիգացիոն կապարակնիքների կիրառումը և համակարգի նկատմամբ պահանջների ավելացումը (օրինակ՝ ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային պահպանում նավիգացիոն կապարակնիքում և շտեմարանում) համակարգի արագագործությունը ապահովելու նպատակով, իրենից ենթադրում է արդի սերվերային համակարգերի (օրինակ՝ HP Blayd- մոտավոր արժեք 150 000 000 ՀՀ դրամ) ձեռքբերում կամ ամպային տիրույթներում համարժեք պարամետրերով սերվերների վարձակալություն:

  1. Թվով 3000 հատ նավիգացիոն կապարակնիքի ձեռքբերման արժեք –510 000 000 ՀՀ դրամ (ամորտիզացիա (մաշվածքամարում) 36ամիս).
  2. Ծրագրի արժեք – 300 000 000 ՀՀ դրամ (ամորտիզացիա (մաշվածքամարում) 120 ամիս).
  3. Համակարգիչներ – 8 000 000 ՀՀ դրամ (ամորտիզացիա (մաշվածքամարում) 36 ամիս).
  4.  Շրջիկ խմբի համար տրանսպորտային միջոցներ 3 հատ – 9 000 000 ՀՀ դրամ (ամորտիզացիա (մաշվածքամարում) 60 ամիս).
  5. Գրասենյակային կահույք – 2 700 000 ՀՀ դրամ (ամորտիզացիա (մաշվածքամարում) 60 ամիս):

Leave a Comment