
Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների վերականգնման համար ռուսական կողմը մի քանի պայման է առաջադրել։ ՌԴ գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ անհրաժեշտ է ապահովել ներմուծվող արտադրանքի անվտանգությունը, պահպանել պարտադիր պահանջները, վերահսկել թունաքիմիկատների օգտագործումը, ապահովել արտադրանքի հետագծելիությունը և երաշխավորել, որ հայկական արտադրողները օգտագործում են սեփական հումքը։ Այս մասին նշվել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո։
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները կարող են վերսկսվել համապատասխան պահանջների կատարման դեպքում։
Ռուսական կողմը մասնավորապես շեշտել է արտադրանքի անվտանգության, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողության, հումքի ծագման և մատակարարումների հետագծելիության հարցերը։
Հայկական կողմը պնդում է, որ սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը հայկական կողմի մոտեցումը ձևակերպեց կարճ․
«ՍԱՏՄ գործառույթների և օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում իրականացվում են վերահսկողական բոլոր միջոցառումները»։