Հայաստանում ժամանակակից ստանդարտներով կենսաչափական համակարգ է ներդրվում։ Արդյունքները կտեսնենք առաջիկա ամիսներին՝ ամփոփելով կիսամյակային տվյալներն, այսպիսի հայտարարություն է արել ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։ Նա ասել է, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մասով Հայաստանն ակտիվ աշխատանքային փուլում է. այս տարվա մայիսին հայկական կողմը ստացել է գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որտեղ դրական են գնահատվել Հայաստանի քայլերն այդ ուղղությամբ։
2026 թվականի աշնանը սկսվելու է ՀՀ քաղաքացիների անձը հաստատող կենսաչափական փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի մասին է, այլև անձը հաստատող գրեթե բոլոր փաստաթղթերի, այդ թվում՝ փախստականներին տրամադրվող նույնականացման քարտի, ինչպես նաև կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի մասին։ Դա վերաբերում է նաև կացության կարգավիճակ սահմանող փաստաթղթերին, ասում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը․
«Դեռ տրամադրվող հին նմուշի անձնագրերի տպագրության քանակը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է մոտ 185 000։ Նախորդ տարի ցուցանիշը եղել է 174 000։ 2024 թվականին տպագրված հին նմուշի անձնագրերի քանակն էականորեն ավել էր՝ մոտ 270 000, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2022 թվականին տպագրվել էր մոտ 100 000 փաստաթուղթ, որոնց ժամկետը 2024 թվականին ավարտվում էր»։
Նելլի Դավթյանն ասում է, որ նույնականացման քարտերի պահանջարկն աճել է, ինչը պայմանավորված է հայտարարագրման և էլեկտրոնային պայմանագրերի պահանջով։ Այս տարվա առաջին կիսամյակում տպագրվել է մոտ 160 000 նույնականացման քարտ, մինչդեռ 2024 թվականին մոտ այդքան նույնականացման քարտ տպագրվել էր ամբողջ տարվա ընթացքում։
«Առաջին փուլում ունենալու ենք մասնավորի կողմից բացված 14 գրասենյակ։ Ցանկանում ենք նոր գրասենյակներով, նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանել մեր երկրում և կոտրել այն կարծրատիպը, որ անձնագրային ծառայությունների մատուցման որակը ցածր է, պայմաններն ու ենթակառուցվածքը հին են։
Փաստորեն, մենք այստեղ ցույց կտանք թռիչքաձև նորամուծություններ և կկատարենք ներդրումներ մոտ երկու ամսից»։
Արդյո՞ք նույնականացման քարտ ստանալու համար հերթերը պակասել են։ Նելլի Դավյթյանը հստակեցնում է․
«Նույնականացման քարտերի հերթերի հետ կապված օրգանիկ բնականոն հերթ է, որ կուտակվել է դեռևս տարեսկզբից` անցյալ տարեվերջից։ Միևնույն ժամանակ նշեմ, որ կենդանի հերթով սպասարկում ունենք բոլոր բոլոր մեր տարածքային գրասենյակներում։ Ցանկացած մասնաճյուղ կարելի է մոտենալ, կտրոն վերցնել 2 ժամը մեկ կտրոնները թարմացվում են, սպասել տեղում և սպասարկվել»։
Աշնանն արդեն կտպագրվեն կենսաչափական անձնագրերը։ Դրանց կիրառությունը վիզաների ազատականացման կարևորագույն փուլերից է։ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը վստահեցնում է, որ վիզաների ազատականացման շուրջ Հայաստանն ակտիվ երկխոսում է Եվրամիության հետ։ Այս տարվա մայիսին հայկական կողմը գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցն է ստացել։ Դրանով դրական գնահատական է տրվել այդ ուղղությամբ Հայաստանի քայլերին ։ Իսկ Հայաստանի քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզայի Եվրոպա մեկնել․ այս հարցին Արմեն Ղազարյանը հստակ պատասխան չունի․
«Ես կոնկրետ ժամկետներ չեմ նշի, շատ բարդ է կոնկրետ ժամկետներ նշելը։ Բայց ես կարող եմ ասել, որ մենք կատարում ենք ինտենսիվ աշխատանք թե՛ մեր ներսում, գերատեսչությունների ներսում, թե՛ Եվրոպական միության գործընկերների հետ։ Հոկտեմբերին ակնկալում ենք, որ առաջիկայում կունենանք ևս մեկ գնահատման առաքելություն Եվրոպական միությունից և մինչև տարեվերջ կունենանք նաև ևս 1–ը, և հույս ունենք, որ առաջիկա տարվա սկզբներին մենք կամփոփենք 1-ին հենանիշների հետ կապված հարցերը` օրենսդրության»։
Որ ճամփորդական բարդություններ կան՝ տեղյակ է նաև փոխնախարարի պաշտոնակատարը։ Շենգենյան երկրների դեսպանատներում հերթերը նա բացատրում է Հայաստանում մատչելի ավիաընկերությունների ավելացող գործունեությամբ․
«Ես ևս կարծում եմ, որ այս իրավիճակի ֆունդամենտալ լուծումը միայն վիզաների ազատականացումն է։ Մենք գիտենք՝ և՛ Արտաքին գործերի նախարարության գործընկերները, և՛ մենք ևս ինտենսիվորեն աշխատում ենք Եվրամիության տարբեր անդամ երկրների հետ` կոչ անելով, հորդորելով, խնդրելով ավելացնել իրենց հյուպատոսական կարողությունները։ Մեր երկրում ունենք դրական զարգացումներ, բայց այդ դրական զարգացումները հիմնարար կերպով չեն լուծելու այդ խնդիրը։ Ֆիզիկապես անհնարին է, որ լուծեն այդ խնդիրը։ Միայն վիզաների ազատականացումով այդ խնդիրը չի լուծվի»։
Նոր կենսաչափական փաստաթուղթը, որն իր անվտանգային բաղադրիչներով մրցունակ է աշխարհում և համապատասխանում է ԵՄ՝ այս պահին գործող ամենաբարձր չափանիշներին, կարժենա 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտը՝ 5950 դրամ։ Անձնագիրը տրամադրվելու է 10 , իսկ նույնականացման քարտը՝ հինգ տարով։ Նորություն է նաև այն, որ ծնողների համաձայնությամբ նույնականացման քարտ կարող են ստանալ նաև մինչև 16 տարեկանները։ Իսկ 16 տարեկանից սկսած՝ անձը հաստատող նոր փաստաթուղթը նոյեմբերի 1-ից լինելու է պարտադիր։