ԱՄՆ-ը պատրաստվում է «USS George Washington» ավիակիրն ուղարկել Մերձավոր Արևելք՝ «USS Abraham Lincoln»-ին պլանային ռոտացիայի շրջանակում փոխարինելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
«USS Abraham Lincoln»-ը տարածաշրջանում է հունվարից։ Այն այնտեղ էր տեղափոխվել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունից առաջ։ Ավիակիրը առանցքային դեր է ունեցել ամերիկյան «Էպիկական զայրույթ» գործողության ընթացքում, այնուհետև մասնակցել է Իրանի նավահանգիստների շրջափակմանը։
Թերթի տվյալներով՝ նավի երկարատև տեղակայումը մտահոգել է ամերիկացի օրենսդիրներին։ «USS Abraham Lincoln»-ը ծովում է ավելի քան 250 օր, իսկ վերջին 200 օրվա ընթացքում նավահանգիստ չի մտել, ինչը ռեկորդ է նավի՝ ծովում անընդմեջ գտնվելու տևողությամբ։
Սենատոր Ռիչարդ Բլյումենթալը Պենտագոնի ղեկավարությանը դիմել է նավի անձնակազմի ծառայության պայմանների և նավաստիների հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին տեղեկություններ տրամադրելու խնդրանքով։