2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված ՀՕ-298-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում։ Փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում է բռնություն գործադրած անձանց համար ռեաբիլիտացիոն ծրագրերի կիրառման նոր մեխանիզմ, ինչպես նաև ընդլայնվում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման շրջանակը։
Նոր կարգավորումներով ոստիկանության կողմից նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու դեպքում համապատասխան տեղեկատվությունը պետք է փոխանցվի ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությանը։ Միաժամանակ օրենքը նախատեսում է բռնության դեպքերի վերաբերյալ ավելի լայն շրջանակի տվյալների հավաքագրում և կենտրոնացված հաշվառում, այդ թվում՝ անձնական և առողջական բնույթի տեղեկությունների։
Օրենքի մի շարք առանցքային դրույթներ ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հուլիսի 1-ից։ Մասնագիտական տեսանկյունից հարցեր են առաջանում նոր մեխանիզմների գործնական արդյունավետության, բռնություն գործադրած անձանց մասնակցության ապահովման, անձնական տվյալների պաշտպանության և պետական մարմինների պատասխանատվության սահմանների վերաբերյալ։
Iravaban.net-ը թեմայի շուրջ զրուցել է «Ալեքսանյան Լոու ֆիրմ» իրավաբանական գրասենյակի փաստաբան, Էլադա Ղահրամանյանի հետ։