Հռոմի մերձակայքում պայթյուն է տեղի ունեցել միջին և խոշոր տրամաչափի զինամթերք արտադրող ձեռնարկությունում։ Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, խոսքը նախկին Sammel Difesa գործարանի մասին է, որը պատկանում է ֆրանս-գերմանական KNDS խմբի կազմում ընդգրկված KNDS Ammo Italy ընկերությանը։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջների մի քանի խմբեր, սակայն հրդեհի մարումը դեռևս բարդ է։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը հարակից տարածքներ։
Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն։ Փրկարարների ենթադրությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել վառոդի մամլման արտադրամասում։ Ռեկորդային շոգ եղանակի պայմաններում հրդեհների առաջացման վտանգը շարունակում է բարձր մնալ։
Sky TG-24 հեռուստաալիքի տվյալներով՝ KNDS խումբը Եվրոպայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցության շրջանակում հրետանու և զինամթերքի մատակարարման ոլորտի առաջատար ընկերություններից է։ Ընկերության կայքում նշվում է, որ KNDS Ammo Italy գործարանը մասնագիտացած է Եվրոպայի ցամաքային պաշտպանության համար նախատեսված զինամթերքի արտադրության մեջ, այդ թվում՝ կառավարվող և անօդաչու համակարգերի համար։