Կառավարության նիստում առանցքային մի շարք պաշտոնների շուրջ սպասված փոփոխությունները այսօր ստացան կոնկրետ անուններ։ Ամենաուշագրավն ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի նոր պաշտոնն է, իսկ նրա նշանակմանը զուգահեռ՝ Արմեն Գրիգորյանի ութամյա պաշտոնավարման ավարտը։
Ալեն Սիմոնյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո քաղաքական դաշտում ամենահաճախը տրվող հարցերից մեկը նրա հաջորդ հնարավոր պաշտոնն էր։ Նրա անունը տարբեր պաշտոնների համատեքստում շրջանառվում էր, բայց պաշտոնական հստակություն չկար։ Սիմոնյանը, սակայն, շարունակում էր ընդգծել՝ քաղաքականությունից չի հեռանալու և իր ճանապարհը պատկերացնում է Նիկոլ Փաշինյանի և Քաղաքացիական պայմանագրի թիմում։
«Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին՝ կես քայլ հետ»։
Այդ «կես քայլը» ստացավ իր պաշտոնական հասցեն․ Սիմոնյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար։ Նա խորհրդարանի նախագահ էր 2021-ից և 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո չվերադարձավ այդ պաշտոնին։ Պատգամավորի մանդատից հրաժարվելը և քաղաքական թիմի կողմից ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելը դարձել էր մամուլի քննարկման թեմա։ Փաշինյանը, սակայն, փորձեց նշանակումը դուրս բերել անձնական կամ ներքաղաքական հարաբերությունների տրամաբանությունից։ Հարցին՝ արդյո՛ք իր և Սիմոնյանի հարաբերությունների նախկին լարվածությունն է վերացել, վարչապետը պատասխանեց, որ իր քաղաքական թիմում լարված հարաբերություններ չի ունեցել, չունի և չի ունենալու։
«Կան աշխատանքային հարաբերություններ, էդ աշխատանքը բազում շերտերից է բաղկացած, և դա նորմալ պրոցես է»,— ասել է Փաշինյանը։
Նոր նշանակմանը զուգահեռ՝ այդ պաշտոնից հեռացավ Արմեն Գրիգորյանը։ Կառավարության այս նիստը նրա համար վերջինն էր ԱԽ քարտուղարի կարգավիճակում՝ պարզաբանեց վարչապետը․
«Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ կարգավիճակում վերջին անգամ է համենայնդեպս մասնակցում կառավարության նիստին, որովհետև ես որոշում եմ ընդունել Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն կատարելու»։
Գրիգորյանը ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2018-ից։ Ավելի քան ութ տարվա պաշտոնավարումն անցել է Հայաստանի համար անվտանգության ամենածանր փուլերով՝ պատերազմ, սահմանային լարվածություններ և անվտանգային քաղաքականության վերաձևավորում։ Նրա հեռացման պատճառների մասին հարցին ի պատասխան՝ Փաշինյանն արդեն լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց՝ որոշումը աշխատանքի գնահատականի հետ կապված չէ։ Այն, ըստ վարչապետի, քաղաքական գործընթացներն ուղեկցող վերադասավորումների շրջանակում է։
«Յուրաքանչյուր քաղաքական պրոցես իր հետ բերում է նաև որոշակի ազդեցություններ, հետևանքներ, վերադասավորումներ և սա պետք է դիտարկել էդ համատեքստում։ Ես կարծում եմ, որ նաև, այո՛, այդպիսի որոշումները նորմալ են քաղաքականության մեջ։ Դա հայեցողական պաշտոն է, և էդ հայեցողությունը վարչապետին է, և վարչապետը նաև էդ հնարավորությունը ունի»։
Փաշինյանը մանրամասնեց, որ Գրիգորյանին աշխատանք է առաջարկել վարչապետի աշխատակազմում, սակայն վերջինս այս փուլում նախընտրել է դադար վերցնել պետական ծառայությունից։
Կառավարության նիստի կադրային օրակարգը, սակայն, ԱԽ քարտուղարի փոփոխությամբ չէր սահմանափակվում։ Վերանշանակումների փաթեթով իրենց պաշտոններին մնացին մի շարք գործող պաշտոնյաներ։
«Նշանակումները հետևյալն են՝ Սուրեն Թովմասյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնին։ Էդվարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնին, Եղիազար Վարդանյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնին»։
Փոփոխության չենթարկվեց նաև մարզային իշխանությունը․ ինը մարզպետ կշարունակի վարել նույն պաշտոնը․
«Մարզպետների վերանշանակումներ են եղել՝ Սերգեյ Մովսիսյան՝ Արագածոտնի մարզպետ, Սեդրակ Թևանյան՝ Արարատի մարզպետ, Վահրամ Խաչատրյան՝ Արմավիրի մարզպետ, Կարեն Սարգսյան՝ Գեղարքունիքի մարզպետ։ Արև Մկրտչյան՝ Լոռու մարզպետ, Դավիթ Առուշանյան՝ Շիրակի մարզպետ, Ռոբերտ Ղուկասյան՝ Սյունիքի մարզպետ, Վահագն Արսենյան՝ Վայոց ձորի մարզպետ, Հայկ Ղալումյան՝ Տավուշի մարզպետ»։
Թափուր է դեռ Կոտայքի մարզպետի պաշտոնը։ Գործող մարզպետը խորհրդարան է գնացել որպես պատգամավոր։ Կադրային փոփոխությունները ՊՆ էլ կհասնեն։ Բանակում հերթական ողբերգական դեպքից հետո է որոշումն ընդունվել․
«Որոշումը կայացրել եմ արդեն, ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք և նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչո՞ւ էդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք։ Այո՛, անհատական պատասխանատվություն պետք է լինի»։
Վարչապետը նշել է՝ իր գնահատականն այս պահին այն չէ, որ պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը բավարար ջանքեր չեն գործադրում խնդրի լուծման ուղղությամբ։ Ասում է՝ առաջիկայում պետք է հասկանան՝ ինչու գործադրվող միջոցները ցանկալի արդյունք չեն տալիս, և դրա հիման վրա հետևություններ անեն։