Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, բայց նա ստիպված կլինի դա անել․ Զելենսկի

12 Օգոստոսի, 2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, բայց նա ստիպված կլինի դա անել: Մշակվել է համապատասխան ծրագիր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի երիտասարդական ֆորումում:
Զելենսկին հայտարարել է, որ բոլոր քայլերը հաշվարկված են:

«Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք: Սա մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր է, թե ինչպես ճնշում գործադրել նրա (Պուտինի — խմբ.) վրա», — ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը պետք է ցանկացած դեպքում պահեն ճակատը:

«Սա նախագահին հնարավորություն է տալիս ուժեղ երկխոսություն վարել թշնամու հետ»,- ասել է նա:

Երբ մարտադաշտում իրավիճակը բավականաչափ ուժեղ չէ, երկխոսությունը վերածվում է չափազանց մեծ զիջումների, ինչը չի համապատասխանում Ուկրաինայի շահերին, կարծում է Զելենսկին:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի գլխավոր ռազմավարությունն այժմ Պուտինի ռազմավարությանը հակազդելն է:

Զելենսկին նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահը նախատեսում է մեծացնել զորահավաքը և որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավել բանակ։

Հետևաբար, Ուկրաինայի առաջնորդը կոչ է արել Ուկրաինայի միջազգային գործընկերներին` ընդլայնել իրենց աջակցությունը, մասնավորապես՝ ՀՕՊ ոլորտում։ Նա Պաշտպանության ուժերի խնդիրների շարքում նշել է պատասխան հարվածները։

«Մենք պետք է պատերազմը վերադարձնենք Ռուսաստանի տարածք։ Դրանից հետո ռուսական հասարակությունը կզգա այս պատերազմի հետևանքները և ճնշում կգործադրի կառավարության վրա», — եզրափակել է Զելենսկին։

Leave a Comment