Օրենքների կարգավորման գործողության ոլորտը
«Հարկային հաշվետվություններ չներկայացրած իրավաբանական անձանց լուծարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է լուծարել այն իրավաբանական անձանց, որոնք 2023թ. հունվարի 1-ից մինչև 2027թ. հունվարի 1-ը Պետական եկամուտների կոմիտե չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ, հայտարարագիր, չեն կատարել մաքսային վճարներ, թույլտվությունների, լիցենզիաների (այդ թվում՝ ծանուցման ենթակա գործունեության իրականացման) համար վճարներ, Պետական եկամուտների կոմիտեում առկա տեղեկություններով չունեն գույք, չեն հանդիսանում կատարողական վարույթի կողմ, վարչական, քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով ներգրավված չեն որպես գործին մասնակցող անձ կամ որոնց մասով նախաձեռնված չէ իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ և 2027 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն պարտավորություններ, իսկ պարտավորության առկայության դեպքում՝ այդպիսի պարտավորությունը չի գերազանցում տասը հազար դրամը։ Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Համատիրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Գործատուների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով համապատասխան իրավաբանական անձանց լուծարման հիմքերում նախատեսվել է նաև «Հարկային հաշվետվություններ չներկայացրած իրավաբանական անձանց լուծարելու մասին» օրենքի հիման վրա լուծարման հնարավորությունը: Լուծարման գործընթացն ապահովելու համար Նախագծով սահմանվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն կազմում է լուծարման ենթակա իրավաբանական անձանց նախնական ցանկ և մինչեւ 2027թ. մարտի 1-ը ներառյալ ներկայացնում է Արդարադատության նախարարություն, Ներքին գործերի նախարարություն, Կադաստրի կոմիտե, Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Կենտրոնական դեպոզիտարիա, ինչպես նաև լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան մարմիններ։ Կազմված ցանկերը համապատասխան պետական մարմիններում շրջանառվելուց հետո փոխանցվելու են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ Նախագծով սահմանվող կարգով և ժամկետներում իրավաբանական անձանց լուծարումը գրանցելու նպատակով։
Նախագծով ապահովվում է լուծարման ենթակա իրավաբանական անձանց՝ ցանկում ընդգրկված լինելու մասին տեղեկատվության տրամադրումն ինչպես անհատական ծանուցման եղանակով, այնպես էլ պետական մարմինների կայքերում, ինչպես նաև հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում համապատասխան տեղեկատվության զետեղմամբ։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած և 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած, մաքսային վճարներ, լիցենզիաների (այդ թվում՝ ծանուցման ենթակա գործունեության իրականացման) համար վճարներ չկատարած իրավաբանական անձանց և այն իրավաբանական անձանց լուծարելու անհրաժեշտությամբ, որոնք Պետական եկամուտների կոմիտեում առկա տեղեկություններով չունեն գույք, չեն հանդիսանում կատարողական վարույթի կողմ, վարչական, քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով ներգրավված չեն որպես գործին մասնակցող անձ կամ որոնց մասով նախաձեռնված չէ իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ և 2027 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն պարտավորություններ, իսկ պարտավորության առկայության դեպքում` այդպիսի պարտավորությունը չի գերազանցում տասը հազար դրամը:
Եվրոպայի խորհրդի Մանիվալ հանձնախմբի անդամների կողմից 2025 թվականին կայացած առերես հանդիպումների շրջանակում ներկայացվել է մտահոգություն առ այն, որ ՀՀ-ում մեծ է ոչ ակտիվ (dormant) իրավաբանական անձանց քանակը, որոնք առերևույթ ստեղծում են տպավորություն՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հանցագործություններում ներգրավված լինելու վտանգի առկայության մասին։ Ավելին, հանձնախմբի «Վեցերորդ փուլի փոխադարձ գնահատման հաշվետվություն․ Հայաստան» փաստաթղթում՝ իրավաբանական անձանց իրական շահառուների ամբողջական ռեգիստրի ապահովման համատեքստում արձանագրվել է, որ «․․․Հայաստանը պետք է ակտիվացնի վերահսկողության և իրավակիրառման ուղղությամբ իր ջանքերը՝ ապահովելու համար իրական շահառուների վերաբերյալ տեղեկատվության առկայությունը բոլոր դեպքերում, ինչպես նաև շարունակի չգործող ընկերությունների հարկադիր լուծարման գործընթացը»։
Իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտումը կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիքներից է, որի նպատակը փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, հարկերից խուսափման, կոռուպցիոն սխեմաների կիրառման կանխարգելումը և հանցավոր գործունեության դեպքերի բացահայտումն է։
Ուսումնասիրելով առկա վիճակագրությունը՝ ակնհայտ է դարձել, որ ներկայում առկա են զգալի թվով իրավաբանական անձինք, որոնք առնվազն վերջին երեք տարվա ընթացքում փաստացի գործունեություն չեն իրականացրել, սակայն պետական գրանցումից դուրս չեն եկել։ Նման իրավաբանական անձանց առկայությունը պետական միասնական գրանցամատյանում նաև հանգեցնում է վիճակագրական տվյալների խեղաթյուրման։
Միաժամանակ լրացումներ են նախատեսվում նաև Քաղաքացիական օրենսգրքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ ընկերությունների մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Արհեստակցական միությունների մասին», «Համատիրության մասին», «Գործատուների միության մասին» օրենքների այն հոդվածներում, որոնք կարգավորում են իրավաբանական անձանց լուծարման հիմքերը, և սահմանվում է «Հարկային հաշվետվություններ չներկայացրած իրավաբանական անձանց լուծարելու մասին» օրենքի հիման վրա իրավաբանական անձանց լուծարման հնարավորությունը։
Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները
Նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում ներառված տվյալների արդիականությունը, արժանահավատությունը և ամբողջականությունը։ Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի իրական շահառուների բացահայտման ինստիտուտի կատարելագործմանը, համակարգի արդյունավետությանը։
Նախագծերի փաթեթի ընդունումը կապահովի պատշաճ վերահսկողություն և իրավական որոշակիություն և հետևաբար կարևոր նշանակություն կունենա իրավաբանական անձանց իրական շահառուների ոլորտում առաջընթացի և թափանցիկության ապահովման գործում։
Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ
Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծերի փաթեթի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների զգալի ավելացում կամ նվազեցում չի առաջացնում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծերի փաթեթը բխում է Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1871-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով նախատեսված 4-րդ՝ «ԳՈՐԾԱՐԱՐ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԲԻԶՆԵՍ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՅՈՒՐԱՑՈՒՄ» վերտառությամբ ռազմավարական նպատակից։