Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն․ ՊԵԿ-ը նոր կարգավորում է առաջարկում

Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների և արգելքների գործնական կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Կարգավորման նպատակը և բնույթը

Խաղային գործունեության թվայնացման և առցանց հարթակների տարածման պայմաններում աճել են այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի են դառնում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքեր։

Նման հարթակների գործունեությունը խոչընդոտում է խաղային գործունեության ոլորտում պետական կարգավորման նպատակների իրագործմանը, նվազեցնում է վերահսկողության արդյունավետությունը և կարող է հանգեցնել օրենքով սահմանված պահանջների շրջանցման։

Միաժամանակ, գործող իրավակարգավորումների պայմաններում անհրաժեշտ է սահմանել Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման կարգը և ժամկետները, ինչպես նաև արգելափակման ենթակա կայքերի ցանկի վարմանհաստատման և պետական մարմիններին և այլ կազմակերպություններին հասանելիության տրամադրման կարգը։

Նման կարգավորման առկայությունը հնարավորություն կտա ապահովել վերահսկողական գործառույթների իրականացումը հստակ և կանխատեսելի վարչարարական մեխանիզմների շրջանակներում, բացառել իրավակիրառ պրակտիկայում հնարավոր տարակարծությունները և բարձրացնել ոլորտային վերահսկողության արդյունավետությունը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի  կողմից:

 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն կազմակերպական և ընթացակարգային անհրաժեշտ հիմքեր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի նկատմամբ վերահսկողության իրականացման, օրենքով նախատեսված սահմանափակումների կիրառման, ինչպես նաև իրավախախտումների կանխարգելման և բացահայտման նպատակով։

Արդյունքում կապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը, օրինական գործունեություն իրականացնող կազմակերպիչների համար հավասար մրցակցային պայմանների ձևավորումը, ինչպես նաև խաղային ծառայություններից օգտվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը։

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի մշակումը բխում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 12 դեկտեմբեր 2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1830-Լ որոշման 2-րդ նպատակի 2.1.5 ենթանպատակից։

Leave a Comment