«Հայ երաժշտության դեսպան» տիտղոսին արժանացած դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը, ծնված Նյու Յորքում 1934 թվականին, հրաշալի կրթություն է ստացել Ջուլիարդի երաժշտական բարձրագույն դպրոցում և Կոլումբիայի համալսարանում՝ ստանալով հայագիտության և երաժշտագիտության դոկտորի աստիճան։ Ուր էլ որ նա բեմ բարձրանար, իր նվագացանկում ներառում էր Ալան Հովհաննեսի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Էդվարդ Միրզոյանի և հայ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Նա շատ անգամ է այցելել Հայաստան՝ 1961 թվականից սկսած, և մեծապես նպաստել է Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի ու Նյու Յորքի Ջուլիարդի բարձրագույն երաժշտական դպրոցի միջև կապեր հաստատելուն: Երևանի երաժշտանոցի լավագույն ուսանող-դաշնակահարներին սատարելու համար 1991 թվականին Լյուսի Իշխանյանի ջանքերով ստեղծվել է հիմնադրամ: Նա համահիմնադիրն էր «Արմինիըն Դայջեսթ» ամսագրի, խմբագիրը «Արմենիան Թայմս» թերթի և անդամն էր «Սթեյնվեյ արթիսթ» գործակալության։
1963 թվականին Լյուսին մի երկարատև հյուրախաղային ծրագրով (165 օր) շրջագայեց՝ նվագելով Իրաքի, Իրանի, Պակիստանի, Շրի Լանկայի, Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Հունաստանի բեմերում: Իր համերգային ողջ գործունեության ընթացքում Լյուսի Իշխանյանը շահեց հանդիսականի սերը, բազմաթիվ մրցանակներ, բարի համբավ և, իր տաղանդի շնորհիվ, լավագույնս ներկայացրեց համաշխարհային երաժշտությունը, որի անքակտելի մասն է հայկականը:
Արամ Խաչատրյանը շատ բարձր է գնահատել նրա կատարողական տվյալները և երաժշտական զգացողության խորությունը: Ի դեպ, կոմպոզիտորի դաշնամուրային սոնատն առաջին անգամ Նյու Յորքում կատարել է հենց Լյուսի Իշխանյանը: Նրա միջազգային կապերի շնորհիվ 2003 թվականին Երևանում հիմնադրվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որի հոգաբարձուների խորհրդի և ժյուրիի անդամ դարձավ նա: Լյուսի Իշխանյանը հեռացավ կյանքից 2014 թվականի ապրիլի 20-ին՝ 80 տարեկան հասակում՝ բարեբախտաբար Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում թողնելով իր գեղեցիկ կատարումները: