5000 էլեկտրամեքենա կկարողանա Հայաստան ներմուծվել 0% մաքսատուրքով

Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։ Հայաստանին 2026 թվականի համար հատկացվել է ևս 5000 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակում նախատեսվում է կիրառել մաքսատուրքի 0% դրույքաչափ։ Նախագծով սահմանվում են նաև քվոտայից օգտվելու պայմաններն ու ներմուծողների խմբերը։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի № 1971-ն  որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի /այսուհետ՝ Նախագիծ/ ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2026 թվականի հուլիսի 9-ի N 79 որոշման դրույթների կատարման անհրաժեշտությամբ։

Վերոնշյալ որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը 2026 թվականի համար հատկացվել է ևս 5000 հատ քանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանի Հանրապետությանը 2026 թվականի համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից՝ ոչ ավելի, քան 4500 հատ քանակով՝ ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր և 500 հատից ոչ ավելի քանակով՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային ծրագրային ապահովում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ) առկայության պարագայում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2026 թվականի հուլիսի 9-ի N 79 որոշման համապատասխան՝ Հայաստանի Հանրապետություն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

Leave a Comment