Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հայտարարել է, որ Արեգակի խավարումն առանց հատուկ պաշտպանիչ ակնոցների անվտանգ է դիտել միայն ամբողջական փուլի ընթացքում, երբ Լուսինը ամբողջությամբ ծածկում է Արեգակի սկավառակը։ Այդ փուլը կտևի առավելագույնը 1 րոպե 40 վայրկյան։
Գործակալությունը շեշտում է, որ եթե Արեգակի թեկուզ փոքր հատվածը տեսանելի է, անհրաժեշտ է օգտագործել միայն խավարման դիտման ակնոցներ։ Հակառակ դեպքում հնարավոր է ստանալ տեսողության անդառնալի վնասվածքներ։ Պաշտպանիչ ակնոցները կարելի է հանել միայն այն պահին, երբ Արեգակը լիովին ծածկված է, և դրանք պետք է կրկին կրել անմիջապես Արեգակի առաջին շողերի երևալուն պես։
Օգոստոսի 12-ին Արեգակի ամբողջական խավարումը հնարավոր կլինի դիտել Գրենլանդիայի արևելքում, Իսլանդիայի արևմուտքում, Իսպանիայի հյուսիսային հատվածում և Պորտուգալիայի հյուսիս-արևելքի փոքր մասում։ Եվրոպայի մնացած տարածքներում այն կլինի մասնակի։
