Հայաստանում դպրոցահասակների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործման աճը մասնագետների մտահոգության առիթ է դարձել։ Թեև անչափահասների համար գործում են որոշ սահմանափակումներ, սննդաբանները վստահ են՝ խնդիրը միայն վերահսկողությամբ լուծել հնարավոր չէ։ Դեռահասը պետք է տեղյակ լինի և գիտակցի էներգետիկ ըմպելիքների հնարավոր առողջական ռիսկերը։
Մեկ տարա էներգետիկ ըմպելիք, և դեռահասը կարող է ստանալ տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր միլիգրամ կոֆեին։ Խանութում այն կարող է չվաճառվել անչափահասին, բայց դա դեռ չի նշանակում, որ երեխան չի կարող այն ձեռք բերել։ Մասնագետների խոսքով՝ հենց այստեղ է միայն արգելքի սահմանը։ Զրուցակիցս խանութի վաճառողուհի է։
«Վարչական իրավախախտումների մասին» օրենքը սահմանում է․
- Մինչև 18 տարեկաններին էներգետիկ վաճառելն արգելված է։ Վաճառքի խախտման համար վաճառողը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։
- Արգելված է նաև մինչև 18 տարեկան անձանց էներգետիկի վաճառքի մեջ ներգրավելը՝ աշխատավարձի 100-ապատիկ տուգանքով։
- Էներգետիկը չի կարելի վաճառել ավտոմատ ինքնասպասարկման սարքերով։
- Դպրոցներում և մանկական, բուժկանխարգելիչ հաստատություններում գործող առևտրի օբյեկտներում էներգետիկի վաճառքն արգելված է։
- Խանութում այն պետք է առանձնացված դարակում/հատվածում լինի և ունենա հատուկ նախազգուշացում։
- Գովազդում 25 տարեկանից ցածր անձանց պատկերել չի կարելի։
- Գովազդը չի կարող ուղղակիորեն դիմել անչափահասներին։
- Չի կարելի էներգետիկը ներկայացնել որպես բուժական/խթանող միջոց կամ կապել սպորտային հաջողության, առողջության բարելավման, գեղեցիկ կազմվածքի կամ սոցիալական հաջողության հետ։
- Գովազդում պետք է լինի առողջության վերաբերյալ նախազգուշացումը։
Սակայն դիտարկումները հայաստանյան վաճառակետերում փաստում են այս խախտումների մեծաթիվ լինելը։ Բացի այդ՝ օրենքը կարող է սահմանափակել վաճառքը, բայց չի կարող վերահսկել այն պահը, երբ դեռահասը խնդրում է չափահաս ընկերոջը իր փոխարեն գնել ըմպելիքը։ Ու հարցն արդեն միայն այն չէ՝ ինչպե՞ս է երեխան այն ձեռք բերում, այլ՝ ինչո՞ւ է ուզում խմել։
Մասնագետները նկատում են՝ վերջին տարիներին դպրոցահասակներին էներգետիկ ըմպելիքներն ավելի շատ են գրավում։ Գրավիչ են փաթեթավորումը, համը, սոցցանցերում տարածվող պատկերները և ընկալումը, թե էներգետիկն օգնում է ավելի երկար արթուն մնալ, սովորել կամ մարզվել։ Սա դարձել է նաև հասակակիցներին հետևելու կամ խմբին պատկանելու վարքագիծ։
Սննդաբան Դավիթ Պիպոյան. ««Էներգետիկ ըմպելիք» անվանումը որոշ չափով մոլորեցնող է, քանի որ իրականում դրանք օրգանիզմին էներգիա չեն հաղորդում։ Դրանք հիմնականում պարունակում են կոֆեինի մեծ չափաբաժին՝ լուծված շաքարաջրի մեջ կամ քաղցրացուցիչներով պատրաստված հեղուկում։ Այսինքն՝ օրգանիզմը էներգիա է ստանում միայն շաքարից, եթե այն առկա է, իսկ ներկայումս տարածված է նաև փոխարինիչներով տարբերակը»։
Դեռահասը հաճախ նույնիսկ չի պատկերացնում, թե մեկ տարայի մեջ որքան կոֆեին կա։
«Դրանք կարող են պարունակել 80-ից մինչև 300 միլիգրամ կոֆեին, հատկապես հիմա, երբ շուկայում ավելի մեծ՝ 330-500 մլ տարողությամբ տարբերակներ են վաճառվում։ Օրինակ՝ մեկ բաժակ սուրճը միջինում պարունակում է մոտ 40 միլիգրամ կոֆեին։ Երբ երեխաներին հարցնում եմ՝ արդյոք կկարողանա՞ն միանգամից խմել ութ բաժակ սուրճ, բոլորը բացասական պատասխան են տալիս։ Այդ ժամանակ բացատրում եմ, որ մեկ մեծ տարա էներգետիկ ըմպելիքը կարող է պարունակել գրեթե նույնքան կոֆեին, որքան մի քանի բաժակ սուրճը միասին»։
Կոֆեինի մեծ քանակը կարող է խանգարել քունը, գրգռել նյարդային համակարգը և բացասաբար ազդել սրտանոթային համակարգի վրա։ Ու այստեղ «ինձ վրա չի ազդում» փաստարկը չի նշանակում, որ նույնը ճիշտ է մեկ ուրիշի համար։ Հատկապես դեռահասների վրա ազդեցությունն ավելի մեծ է։ Մյուս խնդիրը շաքարն է։ Որոշ էներգետիկներ կարող են պարունակել ընդհուպ 50-60 գրամ շաքար։
Պիպոյանը շեշտում է․ «Շաքարի ավելցուկը հիմնականում երկարաժամկետ հետևանքներ է առաջացնում՝ նպաստելով ավելորդ քաշին և ճարպակալմանը»։
«Ռադիոլուր»-ի հարցմանն ի պատասխան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնել են, որ անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքի հարցը դուրս է իրենց լիազորություններից։ Կառույցից նաև հայտնել են, որ մինչև օրս այդ պահանջի խախտման վերաբերյալ որևէ դիմում-բողոք կամ տեղեկատվություն չեն ստացել։ Իսկ սննդաբանի դիտարկմամբ՝ նույնիսկ խիստ վերահսկողության դեպքում խնդիրը չի վերանա, եթե դեռահասը չի հասկանում, թե ինչու չպետք է խմի էներգետիկ ըմպելիք։ Դեռահասի համար դժվար չէ խնդրել 18 կամ 19 տարեկան ընկերոջը՝ իր փոխարեն գնել էներգետիկ ըմպելիք։ Հետևաբար, միայն վաճառքի սահմանափակումները բավարար չեն։ Պիպոյանը դպրոցներում աշակերտների, ինչպես նաև ծնողների շրջանում համակարգված իրազեկման կարիք է տեսնում։