Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել դպրոցական խմբակների կազմակերպման կարգում՝ այն համապատասխանեցնելով հանրակրթության նոր պետական չափորոշչին և գործող ուսումնական պլաններին։ Նախագծով հստակեցվում է նաև «Առողջ ապրելակերպ» խմբակի անցումային կիրառման ժամկետը․ այն կգործի մինչև 2029-2030 ուսումնական տարին ներառյալ, իսկ 2030-2031-ից այլևս չի նախատեսվի։
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ժամանակացույցին և գործող ուսումնական պլաններին համապատասխան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 09-Ն հրամանի դրույթների ճշգրտման անհրաժեշտությամբ։
Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 09-Ն հրամանով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգը:
Հանրակրթության պետական չափորոշչի փուլային ներդրման և ուսումնական պլաններում կատարված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել նշված կարգի դրույթները գործող ուսումնական պլաններին, հստակեցնել «Առողջ ապրելակերպ» խմբակի իրականացման ժամաքանակները, դրանց կիրառման ժամանակացույցը։
Մասնավորապես, նախագծով սահմանվում է «Առողջ ապրելակերպ» խմբակի անցումային կիրառման ժամանակացույցը՝ մինչև 2029-2030 ուսումնական տարին ներառյալ, ինչպես նաև ամրագրվում է, որ 2030-2031 ուսումնական տարվանից «Առողջ ապրելակերպ» խմբակ չի նախատեսվում։
Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում փոխվում են ուսումնական գործընթացի կազմակերպման, այդ թվում՝ դպրոցական և անհատական բաղադրիչների ձևավորման և կիրառման մոտեցումները։ Նոր կարգավորումների ամբողջական և միասնական կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել նախկինում հաստատված՝ անհատական բաղադրիչով սահմանված խմբակների գործածությունը երաշխավորելու վերաբերյալ նախարարի հրամանների գործողությունը։
Մինչև 2025-2026 ուսումնական տարին հաստատված խմբակների գործածությունը երաշխավորելու վերաբերյալ նախարարի առանձին հրամանները ընդունվել են նախկինում գործող կարգավորումների և տվյալ ժամանակահատվածի կրթական պահանջների հիման վրա։ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման և դրանով պայմանավորված ուսումնական գործընթացի կազմակերպման նոր մոտեցումների կիրառման պայմաններում նշված հրամանների հետագա կիրառումը կարող է հանգեցնել գործող կարգավորումների և նախկինում ընդունված առանձին որոշումների միջև անհամապատասխանությունների։
Միջոցառմանիրականացումիցակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 09-Ն հրամանի համապատասխանեցումը գործող ուսումնական պլաններին և հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ժամանակացույցին։ Կհստակեցվեն խմբակների կազմակերպման կարգավորումները, ինչպես նաև կապահովվի իրավակարգավորման միատեսակ կիրառումը հանրակրթական ուսումնական հաստատություններում:
Մինչև 2025-2026 ուսումնական տարին հաստատված՝ հանրակրթական ուսումնական հաստատության անհատական բաղադրիչով սահմանված խմբակների գործածությունը երաշխավորելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններն ուժը կորցրած ճանաչելու իրավական կարգավորումը հնարավորություն կտա բացառել նախկինում հաստատված խմբակների հետագա կիրառումը այն դեպքերում, երբ դրանք այլևս չեն համապատասխանում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված գործող մոտեցումներին, ինչպես նաև կապահովի խմբակների ձևավորման և գործածության վերաբերյալ գործող կարգավորումների միասնական կիրառումը։
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24–ի N 09-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների, լրացուցիչ ծախսերի ավելացում չի նախատեսում:
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24–ի N 09–Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: