Սևանը՝ ամառային ամենապահանջված ուղղությունը․ ճանապարհից մինչև լիճ՝ որտե՞ղ են վտանգները

Ամառային հանգստի ամենապահանջված ուղղություններից մեկը Սևանն է։ Երևանից ընդամենը մոտ մեկ ժամ ճանապարհ, լիճ, լողափեր, ավելի բազմազան դարձած զվարճանքներ ու համեմատաբար մատչելի հանգստի տարբերակներ․ սա Գեղարքունիք տանող ճանապարհը դարձնում է ամենածանրաբեռնված ուղղություններից։ Բայց որքան շատ են մարդիկ ճանապարհին ու լճի ափին, այնքան ավելի մեծ է անվտանգության ապահովման խնդիրը։ Հատկապես հանգստյան օրերին ուժեղացված է հսկողությունը թե՛ ճանապարհին, թե՛ Սևանա լճում։

Սևանը շարունակում է մնալ Հայաստանի ամենապահանջված ուղղություններից։ Վերջին 1-2 տարում նկատելիորեն ավելացել են զվարճանքի վայրերն ու ձևերը՝ նավակ վարել, ջրային սպորտով զբաղվել և այլն։ Այստեղ հանգիստը, կարելի է ասել, հասանելի է բոլորին։ Օրինակ՝ գործող առաջարկներում 4-6 անձի համար նախատեսված քոթեջի օրավարձը 25-35 հզր դրամի սահմաններում է։ Հյուրանոցային տարբերակներում երկտեղանոց համարների գները սկսվում են 33 հզր դրամից՝ կախված համալիրից ու պայմաններից։ Կարելի է օգտվել տասից ավելի հանրային անվճար լողափերից, որոնցում անվճար են նաև ավտոկայանատեղին, հանդերձարանները, շվաքարանները։

Բայց Սևանը միայն հանգիստ ու զվարճանք չէ։ Մեծ թվով մարդկանց միաժամանակյա ներկայությունը նշանակում է նաև ավելի շատ ռիսկեր։ «Սևան» ազգային պարկի տարածքում առանձնացված հանրային լողափերում ՆԳՆ-ն փրկարարական ուժեղացված ծառայության է անցել։ Նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է․

«Այս տարի այն հատվածներում, որտեղ վերահսկողությունն իրականացրել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ Սևանա լճի ափերին, հանրային լողափերում, ջրահեղձման որևէ դեպք չի արձանագրվել: Եղել են ջրահեղձման դեպքեր այլ՝ մասնավոր ափամերձ հատվածներում, մասնավոր լողափերում, ջրանցքներում, գետերում, որտեղ չի կարելի, չի թույլատրվում լողալ, սակայն մեր որոշ քաղաքացիներ մուտք են գործել նշված հատվածներ և, ցավոք սրտի, ունեցել ենք ջրահեղձման դեպքեր»։

Ամենավտանգավորը հաճախ հենց վերահսկվող տարածքից դուրս է՝ մասնավոր կամ չվերահսկվող հատվածներում։ Հատկապես վտանգավոր է, երբ հանգստացողը դուրս է գալիս վերահսկվող տարածքից, անցնում լողանշանները կամ ջուրը մտնում ոչ սթափ վիճակում։ Նախորդ տարի՝ հունվարի 1-ից մինչև հուլիսի 20-ը, ջրային ավազաններում ջրահեղձումից 4 մարդ մահացել է, 5-ին հաջողվել է փրկել։ Նարեկ Սարգսյանն ասում է՝ ողբերգական դեպքերի հիմնական պատճառն անվտանգության կանոններին չհետևելն է․

«Հիմնականում, ինչ վերաբերում է Սևանա լճին, մեր քաղաքացիները անցնում են լողանշանները, չեն հետևում անվտանգության կանոններին, ինչի հետևանքով նաև լինում են ջրահեղձումներ։ Այս տարվա ընթացքում ևս բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ քաղաքացիները անցել են ջրային նշանները, սակայն փրկարարները շուտ դեպքի վայր են հասել և փրկել են նրանց»։

Վերջերս Սևանի մասնավոր լողափերից մեկում էլ ողբերգական դեպք էր տեղի ունեցել․ լողորդը չէր կարողացել հասնել ափ։ Այս տարի Սևանում անվտանգության միջոցառումներն ուժեղացված են ոչ միայն ափին, այլև ջրի վրա։

Հուլիսի 1-ից ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ջրային վաշտն ու ջրային փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածներում անցել են ուժեղացված ծառայության։ Հսկողությունը շուրջօրյա է ջրային տրանսպորտի անվտանգ շահագործումը, հասարակական կարգն ու անվտանգության կանոնները վերահսկելու համար։ Նարեկ Սարգսյանը մանրամասնում է․

«Տեխնիկական միջոցներն այս պահին լիովին բավարար են: Ներգրավված է հատուկ ջրային տեխնիկա, փրկարարներն ու ջրային պարեկային ծառայողները պարբերաբար իրազեկման աշխատանքներ են տանում, իսկ անօդաչու թռչող սարքերի միջոցով տարածվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն հայտարարություններ: Աշխատանքներում կիրառվում են նավակներ, դրոններ, սկուտերներ՝ ամբողջ տեխնիկական հագեցվածությամբ»։

Ուժեղացված է նաև ճանապարհային հսկողությունը։ Մեքենաների հոսքը կտրուկ ավելանում է հատկապես հանգստյան օրերին։ Ոստիկանությունն արձանագրել է անգամ շուրջ 20 հզր մեքենայի երթևեկություն Երևան-Սևան-Դիլիջան ուղղությամբ մեկ օրվա ընթացքում՝ Վարդավառին։ Իսկ լճում վտանգը հաճախ սկսվում է մեկ պարզ խախտումից։ Սարգսյանի հորդորը․   

«Մենք հորդորում ենք հանգիստը կազմակերպել այն հատվածներում, որտեղ թույլատրվում է լողալ, լինեն սթափ վիճակում, չանցնեն արգելող լողանշանները: Իսկ եթե անհրաժեշտ է՝ անմիջապես զանգահարել Ներքին գործերի նախարարության 1-1-2 օպերատիվ կառավարման կենտրոն»։

Սևանը կարող է լինել մեկօրյա փախուստ քաղաքային շոգից, ընտանեկան հանգիստ կամ մի քանի օրվա արձակուրդ։ Բայց մարդաշատ ափը և ծանրաբեռնված ճանապարհը պահանջում են նաև ավելի մեծ զգուշություն։

Leave a Comment