Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբերը հանրաքվե պետք է անցլացնի ու որոշի՝ միանալու է Եվրամիությանը, թե՞ մնալու է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ): Ըստ Գալուզինի՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ կքննարկվի Երևանի վերաբերյալ հնարավոր հետագա քայլերի հարցը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ակնհայտ է, որ եթե հանրաքվեի կոչը մինչ այդ պահը չլսվի, առաջնորդները հաշվի կառնեն այս փաստը՝ հետագա համատեղ քայլերը որոշելիս», – նշել է նա։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարը հիշեցրել է, որ «Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ խոսում է այդ երկրում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ ազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին՝ որքան հնարավոր է շուտ, սակայն առանց կոնկրետ ամսաթիվ նշելու»։
«Արդեն հայտարարվել է, որ այս հարցը կրկին կքննարկվի Եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերյան նիստի ժամանակ, երբ պետությունների ղեկավարները պարտավոր կլինեն զեկույց ներկայացնել 2014 թվականի մայիսի 29-ի ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ՝ Հայաստանի համար», – հայտարարել է Գալուզինը։