ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11 ին. Գալուզին

Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիք գագաթնաժողովում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ հնարավոր սահմանափակող միջոցների կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության ներքո է (դրա կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները), որը նման որոշումներ ընդունելու իրավունք ունի՝ կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա»,- ասել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում։

Գալուզինի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է եւ պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր կողմերի կողմից, այդ թվում՝ յուրաքանչյուր անդամ պետության՝ ՀԱՊԿ մարմինների գործունեության ֆինանսավորմանը մասնակցելու պարտավորությունը։

Հայաստանը ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարել է 2024 թվականի փետրվարի 23-ին։ Երեւանը դա պայմանավորում է նրանով, որ ՀԱՊԿ-ը` մասնավորապես 2021 եւ 2022 թվականներին, Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական գործողությունների ընթացքում չի կատարել իր անվտանգային պարտավորությունները։

Leave a Comment