2027 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային պայմանագրերը հիմնականում կկնքվեն թվային համակարգով․ ի՞նչ է փոխվում

2027 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը հիմնականում իրականացվելու են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով։ Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Այսինքն՝ աշխատանքային պայմանագիրը գործատուի և աշխատողի միջև կնքվելու է էլեկտրոնային եղանակով, իսկ դրա ստորագրումը կատարվելու է էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Փոփոխությունը նախատեսված է 2026 թվականի փետրվարի 13-ին ընդունված ՀՕ-39-Ն օրենքով, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Օրենքի համապատասխան դրույթներն ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հուլիսի 1-ից։

Ի՞նչ է փոխվելու 2027 թվականի հուլիսի 1-ից

Գործող կարգավորմամբ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը կարող են իրականացվել նաև թվային համակարգի միջոցով։

Սակայն 2027 թվականի հուլիսի 1-ից թվային համակարգը դառնում է հիմնական եղանակը։ Օրենսգրքի 13-րդ հոդվածի նոր խմբագրությամբ սահմանվում է, որ այդ ամսաթվից աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով՝ օրենքով նախատեսված բացառություններով։

2027 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային պայմանագիրը թվային համակարգում կազմվելու է մեկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

Այն ստորագրվելու է՝

  • գործատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ,
  • աշխատողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Մինչև 16 տարեկան աշխատողի դեպքում պայմանագիրը ստորագրելու է նաև նրա ծնողը, խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ օրենքով նախատեսված կարգով։ Պայմանագիրն ուժի մեջ է մտնելու թվային համակարգում գործատուի և աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու հաջորդ օրը, եթե պայմանագրով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։

Օրենքը նախատեսում է բացառություններ, որոնց դեպքում աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը կամ դադարումը կարող է իրականացվել ոչ թե թվային համակարգի, այլ գրավոր՝ թղթային եղանակով։

Օրինակ՝ եթե պետական մարմիններում որոշակի պաշտոնների վերաբերյալ տեղեկությունները օրենքով գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ են, համապատասխան աշխատանքային հարաբերությունները կարող են ձևակերպվել թղթային եղանակով։

Առանձին բացառություն է նախատեսված նաև այն դեպքում, երբ աշխատանքային հարաբերությունը ծագում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ, և աշխատանքը կատարվելու է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Այդ դեպքում հարաբերությունները թվային համակարգի միջոցով չեն իրականացվելու։

2027 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանում աշխատանքային գործունեություն իրականացնող օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրերը, օրենքի նոր 95.1-րդ հոդվածի համաձայն, կնքվելու են թղթային եղանակով։ Սակայն այդ պայմանագիրը օտարերկրացին պետք է Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, մուտքագրի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։ Նույն մոտեցումն է նախատեսված նաև Հայաստանում փախստականի կամ ապաստան հայցողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի համար։

Բոլոր գործող պայմանագրերը մեկ օրում նորից կնքելու անհրաժեշտություն չի առաջանալու։ Օրենքով նախատեսվել է անցումային ժամանակահատված։ Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերը գործատուները պետք է թվային համակարգ մուտքագրեն 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այսինքն՝ գործատուներին տրված է ժամանակ՝ գործող պայմանագրերը թվային համակարգ տեղափոխելու համար։

Միաժամանակ, մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը նույնպես պետք է մուտքագրվեն թվային համակարգ՝ օրենքով սահմանված անցումային կարգով։

Ինչո՞ւ է ներդրվում թվային համակարգը

Թվային համակարգի նպատակներից մեկը աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ տվյալների կենտրոնացված և հասանելի հաշվառումն է։

Օրենսգրքի համաձայն՝ համակարգի միջոցով պետք է հնարավոր լինի ապահովել աշխատանքային պայմանագրերի կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերի և դրանց փոփոխությունների տվյալների մուտքագրումը, պահպանումը և հետագայում ներբեռնումը։

Համակարգը պետք է նաև նպաստի աշխատանքային օրենսդրության պահանջների նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։

Աշխատողի համար ի՞նչ է փոխվելու

Նոր համակարգի դեպքում աշխատողը պետք է հնարավորություն ունենա թվային համակարգում տեսնելու իր աշխատանքային հարաբերություններին վերաբերող տվյալները։ Օրենսգրքով թվային համակարգի հիմնական սկզբունքներից մեկը աշխատանքային հարաբերությունների կողմերի համար համակարգում առկա տվյալների հասանելիությունն է։

Թվային համակարգում տվյալների առկայությունը կարող է հեշտացնել նաև պետական վերահսկողությունը և աշխատանքային վեճերի ժամանակ փաստերի ապացուցումը։

Գործատուները պետք է պատրաստ լինեն աշխատանքային հարաբերությունների ամբողջ գործընթացը թվային համակարգով իրականացնելու։ Սա վերաբերում է ոչ միայն նոր աշխատողի ընդունմանը, այլև աշխատանքային պայմանագրի փոփոխություններին և աշխատանքային հարաբերությունների դադարեցմանը։

Իսկ եթե թվային համակարգը հնարավոր չէ օգտագործել Օրենքը նախատեսում է բացառություններ։ Մասնավորապես, որոշ դեպքերում աշխատանքային հարաբերությունները կարող են ձևակերպվել գրավոր՝ թղթային եղանակով։ Եթե աշխատանքի ընդունման կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը թվային համակարգի միջոցով չի ընդունվում, դրա մեկ օրինակը պետք է հանձնվի աշխատողին՝ ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում։

Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը կարող են իրականացվել նաև թվային համակարգի միջոցով։

Այսինքն՝ համակարգը մինչև այդ ամսաթիվը կարող է կիրառվել, սակայն 2027 թվականի հուլիսի 1-ից այն դառնում է հիմնական կանոնը։

Միաժամանակ արդեն սկսվել է նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը համակարգ տեղափոխելու գործընթացը։ Կառավարությունը սահմանել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև որոշ ավելի վաղ ընդունված աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրման կարգը։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Երեխայի իրավունքների պաշտպանության և դպրոցում բռնության դեպքերի հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ զանգահարելով +374 99 970704 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։

Leave a Comment