9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով։ Դրանց ստեղծման մասին որոշման նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, խորհրդարանում բուռն քննարկման առիթ է դարձել։ Նախագծով մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանվում է 8։ Մի շարք հանձնաժողովներում, հաշվի առնելով դրանց ենթադրվող ծանրաբեռնվածությունը, անդամների թիվն ավելի մեծ կլինի։ Սակայն հանձնաժողովների կազմի քննարկումից առաջ խորհրդարանական բանավեճի հիմնական թեման դրանց թվի հիմնավորվածությունն էր։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է որոշվել ունենալ հենց 12 հանձնաժողով, եթե Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակարգը թույլ են տալիս ունենալ մինչև 12-ը։ Նրա գնահատմամբ՝ նախագծի հիմնավորման բաժնում բացակայում է հիմնավորումը, թե ինչու է անհրաժեշտ պահպանել նախորդ գումարման խորհրդարանի նույն կառուցվածքը։
Ղազարյանը պահանջեց նաև ներկայացնել նախորդ հանձնաժողովների ծանրաբեռնվածության վերաբերյալ վիճակագրություն՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք արդյունավետ գործել։ Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ ավելի փոքր թվով հանձնաժողովների ստեղծումը զգալի խնայողություն կլինի ԱԺ-ի համար։ 5-6 հանձնաժողովի կրճատումը կխնայի մոտ 500 հազար դոլար՝ հաշվել է նա։

«Այդ նախագծի հետ կա հիմնավորում, որտեղ մենակ հիմնավորում բառը կա, բայց նախագծի բուն բովանդակության ոչ մի հիմնավորում չկա։ Օրինակ, դուք կասեք, թե ինչի՞ եք առաջարկել ստեղծել հենց 12 հանձնաժողով, երբ որ մեր կանոնակարգն ասում է մինչև 12 հանձնաժողով, քանի որ հանձնաժողովների մեծ մասը անվանումներով և քանակով համընկնում է 8-րդ գումարման Ազգային ժողովի հանձնաժողովների քանակին»։
ՔՊ-ից հարցը զեկուցող Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ 12 հանձնաժողով ունենալու որոշման հիմքում այն տրամաբանությունն է, որ ամեն հանձնաժողով պետք է ունենա իր ոլորտին համապատասխան գործընկեր կառույցը գործադիրում՝ նախարարության կամ այլ կառույցի տեսքով։ Իսկ նախորդ գումարման հանձնաժողովների ծանրաբեռնվածության վիճակագրությունն առաջարկեց ստանալ ԱԺ աշխատակազմից։ Այնուամենայնիվ, Ջուլհակյանը հիշատակեց նախորդ գումարման ամենաքիչ ծանրաբեռնված հանձնաժողովներից մեկը՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ոլորտը, ապա շեշտեց՝ եթե ընդդիմությունը համարում էր, որ ավելի քիչ հանձնաժողով է պետք, ապա որտեղ էր նրանց սեփական նախագիծը, ինչու այն չեն ներկայացրել։

«Համենայնդեպս, դուք այդ հնարավորությունն ունեցել եք և չեք ներկայացրել, ավելին, նաև այս պահի դրությամբ չեմ տեսնում, որ առաջարկներ ունեք, թե, օրինակ, որ հանձնաժողովը մենք կարող ենք չներառել այս 12-ի մեջ»։
Քննարկմանը միջամտեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը։ Նա Էդգար Ղազարյանին հարց ուղղեց՝ եթե իր առաջարկը վերաբերում է հանձնաժողովների թվի կամ կառուցվածքի փոփոխությանը, ինչո՞ւ այն նախապես չի քննարկվել սեփական խմբակցության ներսում, և ինչո՞ւ ընդդիմությունը չի ներկայացրել այլընտրանքային նախագիծ։ Շեշտադրումը տեղափոխվեց արդեն ոչ միայն իշխանության ներկայացրած նախագծի հիմնավորման, այլև ընդդիմության կողմից սեփական առաջարկի ձևակերպման պատասխանատվության վրա։

«Հարգելի՛ «Ուժեղ Հայաստան» խմբակցություն, Էդգար Ղազարյանի առաջարկած նախագիծը քննարկե՞լ եք ձեր խմբակցությունում։ Չե՞ք քննարկել, ինչի՞ համար, որովհետև Ղազարյանն է ներկայացնում։ Չգիտեմ, ինձ թվում է, կարելի է և քննարկել, նույնիսկ, եթե, դա ներկայացնում է Էդգար Ղազարյանը»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, իր հերթին, նկատեց՝ նախորդ գումարման ԱԺ-ում մի շարք հանձնաժողովներ բավարար ակտիվությամբ չեն աշխատել, մինչդեռ հանձնաժողովներին վերապահված գործիքակազմը կարող էր ավելի արդյունավետ օգտագործվել։
Քվեարկությամբ ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց 60 կողմ, 0 դեմ և 15 ձեռնպահ ձայներով։
Մշտական հանձնաժողովների հարցից զատ, 9-րդ գումարման Ազգային ժողովում նախատեսվում է նաև Էթիկայի հանձնաժողովի ստեղծել։ ԱԺ-ն միաձայն՝ 92 կողմ ձայնով է ընդունել նախագիծը։ Հանձնաժողովը կունենա 10 անդամ, որից 5-ը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրինը»։ Հանձնաժողովը կարող է պատգամավորների նկատմամբ կիրառել կարգապահական պատժամիջոցներ։
Էթիկայի հանձնաժողով ունենալ-չունենալն ամենաքննարկված թեմաներից էր նախորդ խորհրդարանում՝ տարատեսակ աղմկահարույց իրավիճակների բերումով։ Եթե նախորդ գումարման խորհրդարանում ենթադրվում էր, որ այն պետք է ստեղծվի ըստ իրավիճակի՝ այսպես ասենք «կարիքի բերումով», ապա այս 5-ամյակում այն կլինի գործող ու, ենթադրվում է, կծառայի որպես զգոն աչք՝ հետևելու երեսփոխանների վարքագծին։