Օգոստոսի 10-ին խորհրդարանը քննարկել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ներկայացմամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները: Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Դոնթի բանաձևով: Նշված բանաձևի հաշվարկման արդյունքում 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցութունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ:
Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։
8 հանձնաժողովների նախագահներ կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը։ Բանաձևի համաձայն՝ 7 հանձնաժողովների նախագահների տեղակալներ կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 4-ը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը։
Խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի ներկայացմամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, Առողջապահության հարցերի, Աշխատանքի և բարեկեցության հարցերի ու Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում։
Խմբակցությունը փոխնախագահներ կառաջադրի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Արտաքին հարաբերությունների, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի, Առողջապահության հարցերի, Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովներում։
Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հաղորդմամբ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում, իսկ փոխնախագահներ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածու կառաջադրի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ նախագահի տեղակալ՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։