ԱԺ-ում պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է «Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

«Նախագծով առաջարկվում է ստեղծել 10 անդամից կազմված պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ երկու տարի գործունեության ժամկետով։ Հանձնաժողովի 10 անդամներից 5-ին նշանակելու իրավունքն առաջարկվում է վերապահել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, 3-ին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ 2-ին՝ «Հայաստան» խմբակցությանը»,-ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

Ջուլհակյանի խոսքով՝ առաջարկվում է Էթիկայի հանձնաժողովի առաջին նախագահին նշանակելու իրավունքը վերապահել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի առաջին տեղակալին նշանակելու իրավունքը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։

Նախագծով սահմանվում է հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալի նշանակման իրավունքի պարբերական փոխանցում խմբակցությունների միջև։ Այսպես, առաջին վեց ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահվելու է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Երկրորդ վեց ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահվելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալին՝ «Հայաստան» խմբակցությանը։

Երրորդ վեց ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահվելու է «Հայաստան» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալինը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

Որոշման նախագիծն ընդունվեց 92 կողմ ձայնով:

 

Leave a Comment