2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի մարզային դպրոցների կառավարման կարգը․ ինչ է նախատեսվում

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական դպրոցների համար նույն փոփոխությունը նախատեսված է 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։

Ի՞նչ է ենթադրում դպրոցների ենթակայության փոփոխությունը, ի՞նչ լիազորություններ են անցնում նախարարությանը, և ի՞նչ գործառույթներ են պահպանվելու մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի մոտ։

Դպրոցների կառավարման համակարգի փոփոխության հիմքում 2026 թվականի մայիսի 6-ին ընդունված և մայիսի 21-ին պաշտոնապես հրապարակված ՀՕ-194-Ն օրենքն է՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին։

Օրենքի 3-րդ հոդվածով ամբողջությամբ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետարանի իրավասությունները» հոդվածը։

Օրենքի այդ դրույթը մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական դպրոցների մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական դպրոցների մասով՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։

Ի՞նչ է փոխվելու սեպտեմբերի 1-ից

ԿԳՄՍ նախարարության ներկայացմամբ՝ փոփոխության հիմնական տրամաբանությունը հանրակրթության բովանդակային կառավարման կենտրոնացումն է։

Այսինքն՝ մարզերի դպրոցների կրթական բովանդակության միասնական համակարգումն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ վարչատնտեսական գործառույթների մի մասը պահպանվելու է մարզպետարանների մակարդակում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ներկայացմամբ՝ վարչատնտեսական գործառույթն ամբողջությամբ փոխանցվում է մարզպետարաններին, իսկ դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը վերապահվում է նախարարությանը։

Նախարարությունը նաև նախատեսում է ներդնել մարզային համակարգողների ինստիտուտ, որոնց միջոցով նախարարությունը կապ է պահպանելու դպրոցների հետ և պարբերաբար այցելելու է դպրոցներ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու համար։

Ո՞ր գործառույթներն են մնալու մարզպետարանների մոտ

Օրենքի նոր խմբագրությամբ մարզպետի իրավասությունների շրջանակում են, մասնավորապես՝

  • դպրոցին ամրացված պետական գույքի նպատակային օգտագործման և պատշաճ պահպանության գործընթացների համակարգումը,
  • դպրոցների վարչատնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքումն ու նախարարություն ներկայացնելը,
  • պետական դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողի հետ աշխատանքային հարաբերությունների կազմակերպումը,
  • նախարարության կողմից պատվիրակված վարչատնտեսական ծառայությունների մշտադիտարկումը,
  • կրթական ծրագրերի, դպրոցականների մասնակցությամբ մարզական և մշակութային միջոցառումների կազմակերպմանը աջակցելը,
  • պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերմանն ու հանրակրթության մեջ ներգրավմանը մասնակցելը,
  • դպրոցների շինարարության ընթացքում ուսումնական գործընթացի այլ հաստատություն տեղափոխման և անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման աշխատանքների համակարգումը,
  • ամփոփիչ ատեստավորմանը և ուսուցիչների ատեստավորմանը աջակցելը,
  • դասագրքերի հայտերի ձևավորման և բաշխման գործընթացի համակարգումը։

Այսպիսով, ենթակայության փոփոխությունը չի նշանակում, որ մարզպետարանները դադարեցնում են դպրոցների հետ կապված բոլոր գործառույթները։ Դպրոցների տնօրենների ընտրության/նշանակման գործող համակարգը ենթակայության փոփոխության պատճառով ամբողջությամբ չի վերացվում։

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ տնօրենի ընտրության ընթացակարգը մնում է նույնը․ թեկնածուն ներկայացնում է զարգացման ծրագիր, այն անցնում է փորձաքննություն, դրական եզրակացության դեպքում անցկացվում է հարցազրույց, որից հետո կատարվում է նշանակումը։

Միաժամանակ, դպրոցների ենթակայության փոփոխությանը համապատասխանեցվում են նաև տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների նշանակման հետ կապված իրավական ակտերը։

ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 831-Ն որոշմամբ փոփոխվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը։ Ըստ գործող կարգի՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո մարզերի բոլոր պետական դպրոցների համակարգողի թափուր պաշտոնի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու գործընթացը իրականացնում է մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը։ Երևանի դպրոցների համար նույն կարգավորումը կգործի 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։

Այսինքն՝ կառավարման նոր մոդելում վարչատնտեսական ուղղությունը շարունակում է ունենալ մարզային/քաղաքային կառավարման օղակ։

Ենթակայության փոփոխությունը ինքնին չի նշանակում, որ դպրոցների շենքերը կամ մյուս պետական գույքը դառնում են նախարարության սեփականությունը։ Օրենքը մարզպետների և Երևանի քաղաքապետի իրավասությունների մեջ առանձին նախատեսում է դպրոցներին ամրացված պետական սեփականության՝ անշարժ և շարժական գույքի նպատակային օգտագործման ու պատշաճ պահպանության գործընթացների համակարգումը։

Ի՞նչ է լինելու Երևանի դպրոցների հետ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար փոփոխության երկրորդ փուլը նախատեսված է 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։

Այսպիսով, փոփոխությունն իրականացվելու է երկու փուլով.

2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ՀՀ մարզպետարանների ենթակայությամբ գործող պետական դպրոցներ,

2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական դպրոցներ։

ԿԳՄՍ նախարարության ներկայացմամբ՝ հիմնական նպատակներից մեկը հանրապետության բոլոր դպրոցների համար միասնական կառավարման մոտեցում և նվազագույն չափանիշներ ապահովելն է։ Նախարարությունը փոփոխությունը դիտարկում է որպես փուլային կենտրոնացված կառավարման համակարգի ձևավորում՝ միաժամանակ նախատեսելով համայնքների ավելի ակտիվ դերակատարում հետագա փուլերում։

Դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները ԿԳՄՍ նախարարությունը սկսել է դեռևս 2026 թվականի գարնանը՝ մարզպետների, դպրոցների տնօրենների և այլ պատասխանատուների մասնակցությամբ։ Մարտին նախարարությունը հայտնել էր, որ պետական դպրոցների բովանդակային կառավարումը նախատեսվում է վերապահել ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment