Մեկ տարի առաջ այս օրը դարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների նոր շրջափուլի մեկնարկը։ Օր, երբ փոխվեց խաղի գլխավոր կանոնը։
Վաշինգտոնի ստորագրություններից 1 տարի անց TRIPP-ը շարունակում է մնալ ոչ միայն ճանապարհի, այլև մեծ քաղաքականության ու տնտեսական հաշվարկների նախագիծ։ Ի՞նչ է իրականում խոստանում 5 տառանոց այս հապավումը, ո՞վ է ֆինանսավորելու, ո՞վ՝ կառավարելու, ի՞նչ է ստանալու Հայաստանը, և ինչ ռիսկեր են տեսնում քննադատները։ «Ռադիոլուրը» փաստերի, պաշտոնական փաստաթղթերի, հրապարակված թվերի և տարբեր գնահատականների համադրմամբ ֆիլմ է պատրաստել՝ փորձելով մեկ քարտեզի վրա հավաքել TRIPP-ի ողջ պատկերը։
Վաշինգտոնում ստորագրված պայմանավորվածություններից մինչև Սյունիքի ճանապարհներ, երկաթուղի, մաքսային ենթակառուցվածքներ ու նախատեսվող ներդրումներ, Հայաստանի շահերից մինչև Վաշինգտոնի աշխարհաքաղաքական հաշվարկ։ Սա ճանապարհ է, որի շուրջ արդեն իսկ ձևավորվել են մեծ սպասումներ, բայց նաև՝ լուրջ հարցեր։Այս ֆիլմը փորձ է՝ պատասխանելու ոչ թե հարցին, թե ինչ է խոստանում TRIPP-ը, այլ՝ ինչն է արդեն փաստ, ինչն է դեռ պայմանավորվածություն, և ինչն է դեռ սպասելիք։