Գյումրիում անցկացվում է «Գյումրի դալան ֆեստ» ռոք փառատոնը: Օգոստոսի 7-9-ը գյումրեցիներն ու հյուրերը քաղաքում պահպանված ամենամեծ բակային կամարների, կամ ինչպես գյումրեցիներն են ասում՝ դալանների տակ կարող են վայելել ճանաչված ու նորաստեղծ ռոք խմբերի կատարումները: Երաժշտական փառատոնի նպատակը երաժշտության միջոցով Գյումրիի պատմական ճարտարապետությունն ու կոլորիտը հանրահռչակելն է:
Գյումրին այն եզակի քաղաքաներից է, որտեղ գրեթե նույնությամբ պահպանվել է 19-րդ դարի ճարտարապետությունը: Քաղաքի պատմական միջուկի սալարկված հին փողոցները, ալեքպոլցի վաճառականների շքեղ ֆասադներով առանձնատները, փայտե եզակի պատշգամբներն այսօր դարձել են Գյումրիի այցեքարտերը, որոնք հիացնում ու զարմացնում են հազարավոր զբոսաշրջիկների:

Գյումրիի կոլորիտի անբաժան մասն են կազմում նաև բակերի ու տների կամարաձև քարե մուտքերը, որոնք տեղացիներն անվանում են դալաններ կամ թոլեր: Գյումրեցի քարտաշ վարպետների կառուցած յուրօրինակ սեպաձև շարվածքով դալաններից մի քանիսն են պահպանվել։ Դրանք դարձել են նաև բազմաթիվ հայկական ֆիլմերի նկարահանման բացօթյա տաղավարներ: Այս տարի գյումրվա դալանները հանրահռչակվում են ռոք երաժշտության միջոցով: Շենքերի կամարաձև մուտքերում կրկին ռոք երաժշտություն է հնչում, ինչպես 70-ականների Լենինականում՝ ասում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

«Դեռևս 70-ականներին Գյումրիում ձևավորված «Բամբիռ» ռոք խումբը ունի երգ «Կամարի տակ» հենց այնպես երգելու հրավերով, որովհետև այն ժամանակ հրաշալի ավանդույթ է ձևավորված եղել ,երբ «Բամբիռը» իր երաժշտասերների հետ հավաքվել է կամարների տակ և երգել: Այս հրաշալի ավանդույթը ևս վերակենդանացնելու նպատակ ուներ «Դալան ֆեստ»-ը և 2019 թվականին իրականություն դարձավ ռոք փառատոնը եռօրյա ,որովհետև երեք պահպանված և ամենամեծ դալանների տակ կազմակերպվեցին համերգները »:

Փառատոնի առաջին կանգառը Շահումյան 188 հասցեում գտնվող Գյումրիի ամենաերկար շենքի մեծ դալանն էր, որը քաղաքի երկու կողմերն իրար կապող յուրօրինակ հանգույց է: Մի քանի մետր բարձրություն ունեցող կամարի շուրջ էին հավաքվել գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը։

Նմանօրինակ փառատոները հնարավորություն են տալիս երաժշտությունը դուրս բերելու դահլիճներից, քաղաքի բնակիչներին և հյուրերին պարգևելու հետաքրքիր ու տարբերվող երեկոներ:
« էս փոքր միջոցառումներից է մշակույթը ձևավորվում: Սա ևս էն մի փոքրիկ կաթիլնա, որը էլ ավելի մեծ կոլորիտա տալու էս քաղաքին: Բոլոր ոլորտներում էս քաղաքը ունեցել ա գույն, ինչու չէ, ռոքում էլ է ասելիք ունեցել էս քաղաքը, բազմաթիվ ռոք խմբեր էս քաղաքից են սերել, էս անգամ էլ երևանցի ռոք երաժիշտները թող գան, կիսվեն իրանց փորձով իրանց գույնն էլ ավելացնեն Գյումրիի գունապնակին»:

Նման միջոցառումներ կազմակերպելիս կարևոր է նաև պետական աջակցությունը, ասում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։ Նրա կարծիքով դա հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնելու երիտասարդ ստեղծագործողներին հարթակ տրամադրելը, արվեստի ու մշակույթի միջավայր ստեղծելը․

«Այս իմաստով շատ կարևոր է պետության աջակցությունը, որովհետև ի մասնավորի «Դալան ֆեստը» և Զբոսաշրջության կոմիտեի կողմից ունեցած ֆինանսական աջացությունը, հրաշալի օրինակ են մասնավոր կազմակերպիչ ընկերությունների, պետության և համայնքի համատեղ աշխատանքի, որի արդյունքում Գյումրիում այս օրերին երեք օր դալանների տակ ռոք է հնչելու»։

Փառատոնի առաջին օրը Գյումրիի կամարների տակ ելույթ ունեցավ «Կանգուն» ռոք խումբը: Հիմնականում երիտասարդ երաժիշտներից կազմված խմբի անդամներն ասում են, որ իրենց համար գյումրեցի հանդիսատեսի առջև ելույթ ունենալը մեծ պատասխանատվություն էր․

«Շատ դրական տպավորություններով ենք գնում, չնայած որ էմոցիոնալ, բարդ համերգ էր, բայց կարծում եմ, որ հաղթահարել ենք: Մեր չորորդ անդամը մի քիչ հիվանդ էր, առողջական խնդիրներ ուներ ու մեր հետ չէր, մեր համար անսովոր է, երբ որ երեքով ենք չորսի փոխարեն ու բարդ էր, թե ծրագրային , թե էմոցիոնալ: Բայց մենք շնորհակալ ենք էն մարդկանց, ովքեր էսօր էստեղ էին , մեզ լսում էին»։

«Տպավորությունները շատ դրական են , շատ ուրախ եմ, որ Գյումրիում նմանատիպ փառատոներ են անցկացվում: Գաղափարը շատ լավն է, շատ ողջունելի է, ապրեն բոլոր մասնակիցները»:

Ռոք փառատոնից բացի, մի քանի օր հետո Գյումրիում յոթորորդ անգամ կանցկացվի նաև «Հայաթ Ջազ» փառատոնը, որը ջազի մեղեդիներով կլցնի քաղաքի թանգարանների բակերը: Մշակութային քաղաքում այս ամառ մշակութային միջոցառումների պակաս չի լինի:Երաժշտական տարբեր ժանրերի սիրահարներն այստեղ կկարողանան գտնել իրենց նախընտրած ոճն ու վայելել Գյումրվա հյուրընկալությունը: