Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի ամոթալի ուղերձ է պատրաստել՝ 2025 թվականի օգոստոսի 8–ի մեկամյակի առիթով։ Ինչո՞ւ եմ ուղերձը համարում ամոթալի։
Այսպիսով, ի՞նչ է ասում վարչապետ Փաշինյանը։ Ամոթալիությունը արձանագրելու համար սկսեմ վերջից։
«Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, և այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթևեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։
Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք և հետապնդենք, և պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ»։
Մի իրավիճակում, երբ խաղաղության դեմ ակնհայտ գործողն Ադրբեջանն է՝ Հայաստանին ներկայացվող պահանջներով ու իր հայտրարություններով, Նիկոլ Փաշինյանը չգիտես ինչու Հայաստանում է «գտնում» խաղաղության դեմ գործողների, ու Հայաստանում է տեսնում այսպես ասած՝ անշրջելիության անելիքը։
Երբ Ադրբեջանը հստակ ե պետական բարձր մակարդակով խոսում է, հովանավորում է, առաջ է մղում այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» հայտնի մտացածին եւ իրավազուրկ «ծրագիրը»՝ հայտարարելով, թե մինչեւ դա չլինի, չի կարող լինել ամբողջական խաղաղություն, Նիկոլ Փաշինյանը Հայաստանին է «ավանսով» դարձնում խաղաղության ռիսկ՝ մերժելով միանգամայն օբյեկտիվ ու միջազգայնորեն հիմնավոր իրավունքները։
Սա է, որ այլ կերպ, քան ամոթալի, դժվար է բնորոշելը:
«2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլև տեր կանգնեցին խաղաղությանը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել», օգոստոսի 8–ի մեկամյակի առիթով ուղերձում նշում է Փաշինյանը։
Սա քաղաքականապես վտանգավոր, Հայաստանի պետականության տակ ականին հավասարազոր արձանագրում է, որովհետեւ Հայաստանի խորհրդարաի ընտրությանը մասնակից առաջատար ընդդիմադիր ուժերից որեւէ մեկը կասկածի տակ չի դրել ու չի դնում խաղաղությունն ու Ադրբեջանի հետ հարաբերության հաստատումը։ Կասկածի տակ է դրվել միայն ՔՊ կամ Փաշինյանի առաջարկած խաղաղության տրամաբանությունը, որակը, հուսալիությունը, վստահելիությունը, կանխատեսելիությունը։
Առհասարակ վտանգավոր է, երբ կառավարող ուժը իր իշխանական կարիքներից ելնելով, իսկ գուցե նաեւ Ադրբեջանի «բանավոր» պայմաններից մղվելով, փորձում է Հայաստանում «ինստիտուցիոնալացնել» խաղաղության ու պատերազմի «դիլեման»՝ դրանով բնութագրելով ընտրական պրոցեսը։
Նիկոլ Փաշինյանը ասում է, որ օգոստոսի 8–ը բաժանում է Հայաստանի հանրապետության պատմությունը՝ դրանից առաջ եւ հետոյի։
Գործնականում, սա բավականին ցինիկ հայտարարություն է, որովհետեւ Հայաստանի հանրապետության պատմությունը «բաժանող» շատ ավելի հիմնարար եւ շրջադարձային ամսաթվեր կան, որոնց գերակշռող մասը բաժին է ընկնում հենց Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանին եւ «աչքի է ընկնում» ողբերգականությամբ, դժբախտաբար։
Թեեւ, կարող էր լինել բոլորովին այլ կերպ, եթե Փաշինյանը դրսեւորեր Հայաստանի համար մեկ այլ բաժանարար գիծ՝ 2018 վականին տեղի ունեցածն ու դրանից բխող էներգիան արդյունավետ կապիտալիզացնելու կարողություն, լայնախոհություն, ռազմավարական մտածողություն։
Իսկ օգոստոսի 8–ը ընդամենը այն մասին է, որ «կիսվում» է Հայաստանի հանրապետության տարածքը, որը գրեթե մեկդարյալ վարձակալության է տրվում մեկ այլ երկրի՝ Հայաստանի ինքնիշխանության տարածքային ամբողջության ձեւական պահպանումով։
Եվ, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե հիմա մենք դուրս ենք եկել փակուղուց եւ մեր պատմության ղեկը «կրկին մեր ձեռքում» է, ապա դա իրավիճակի լիակատար նենգափոխում է, քանի որ «խաղաղություն» հաստատվել է միայն այն բանի շնորհիվ, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի կառավարման իրավունքը վերցրել են Հայաստանի ձեռքից եւ տվել այլ ձեռք։
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան