Շինարարի օրը Հայաստանում այս տարի նշվում է մեծ հանդիսավորությամբ. լրանում է Հայաստանի շինարարների միության գործունեության 30-ամյակը։
Թեև Շինարարի օրը յուրաքանչյուր տարվա օգոստոսի երկրորդ կիրակին է՝ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կրկնակի տոնի առթիվ օգոստոսի 7-ին կազմակերպել են միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորական խոսքում ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը։ 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարության ծավալն աճել է 24.5%-ով և կազմել 282.2 մլրդ դրամ։ 22%-ով ավելացել են նաև շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները։


«Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է շարունակում լինել գլխավոր պահանջը շինարարներից։ Քաղաքաշինության կոմիտեն որդեգրել է ոլորտի բարեփոխման հստակ ուղի, որը, հուսով եմ, կանցնենք ձեզ հետ միասին: Կոմիտեն էականորեն արագացրել և դյուրացրել է նախագծումից մինչև ավարտական փուլ թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացները։ Բազմամասնաշենք համալիրների դեպքում ստեղծվել է ավարտական փաստաթղթերի փուլային ստացման հնարավորություն։ Առաջիկայում հասնելու ենք ավարտական ակտի ինքնաշխատ ստացման»,-նշել է Եղիազար Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ գալիք առաջնահերթություններից է լինելու տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը` թվային համակարգերի կիրառմամբ:


Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանն իր շնորհավորական խոսքում կարևորել է շինարարության ոլորտում ներգրավված բոլոր մասնագետների աշխատանքը։ «Շինարարների միությունը ոլորտի մասնագիտական հեղինակավոր հարթակ է, որն արդեն երեք տասնամյակ միավորում է շինարարներին, նախագծողներին, ճարտարապետներին, ինժեներներին, արտադրողներին և ոլորտի բոլոր այն մասնագետներին, ովքեր իրենց աշխատանքով կերտում են Հայաստանի քաղաքներն ու համայնքները»,-ընդգծել է Վահան Հարությունյանը։
Նա և Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել են «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագիր։
Շինարարներին շնորհավորել և պարգևատրել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը` հանձնելով համապատասխանաբար ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ և շնորհակալագիր, իսկ քաղաքապետարանի կողմից` Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալ և Երևանի քաղաքապետի պատվոգիր։
Միջոցառումն ամփոփվել է երաժշտական կատարումներով և Հայաստանի շինարարության ոլորտի վերաբերյալ տեսանյութի ցուցադրությամբ։