Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը քրեական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է, որը երաշխավորում է յուրաքանչյուր անձի իրավունքը՝ պաշտպանելու իր կամ այլ անձանց կյանքը, առողջությունը, ազատությունը, սեփականությունը և օրենքով պաշտպանվող այլ շահերը հասարակական վտանգավոր և ապօրինի ոտնձգություններից։ Այս ինստիտուտի նշանակությունն այն է, որ իրավաչափ է ճանաչում այն գործողությունները, որոնք կատարվել են հարձակումը կանխելու կամ կասեցնելու նպատակով՝ օրենքով սահմանված պայմանների պահպանմամբ։ Անհրաժեշտ պաշտպանությունը միաժամանակ հանդիսանում է հանցավորությունը բացառող հանգամանք և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիք։
Գործնականում անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի կիրառումը հաճախ ուղեկցվում է բարդ իրավական գնահատումներով՝ կապված ոտնձգության իրական և անմիջական բնույթի, պաշտպանության անհրաժեշտության ու համաչափության, պաշտպանության սահմանների գերազանցման, ինչպես նաև երևակայական պաշտպանության (putative self-defence) իրավական գնահատման հետ։ Այս հարցերը շարունակում են մնալ քրեական իրավունքի և դատական պրակտիկայի առավել քննարկվող խնդիրներից, իսկ հասարակության շրջանում հաճախ առաջացնում են տարբեր մեկնաբանություններ և իրավական անորոշություններ։
Iravaban.net-ի հետ զրույցում թեմայի մանրամասները ներկայացրել է Իրավաբանական խորհրդատվական խումբ փաստաբանական ընկերության գործընկեր փաստաբան Հունան Բաբայանը։