Wildberries-ը գործարարներին թույլ կտա սեփական պահեստներ ունենալ – armeniatoday.am

Wildberries-ը ընկերության պահեստների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից տուժած վաճառողներին աջակցելու շրջանակում գործարկում է գործընկերային ծրագիր ազատ տարածքներ ունեցող գործարարների համար, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Համապատասխան տարածքների սեփականատերերն ու վարձակալները կկարողանան բացել գործընկերային հաբ (կենտրոն) և վարձատրություն ստանալ օնլայն հարթակի (մարքեթփլեյսի) վաճառողների ապրանքների ընդունման, մշակման, պահպանման և առաքման համար»,- նշել են ընկերությունում։

Օնլայն հարթակի հիմնադիր Տատյանա Կիմի խոսքով՝ նախագիծը թույլ կտա ավելի արագ հասցնել ապրանքները հաճախորդներին, իսկ պատվերների տրամադրման կետերի սեփականատերերին և համապատասխան տարածքներ ունեցող գործարարներին՝ ընդլայնել գործունեությունը և ստանալ եկամտի լրացուցիչ աղբյուր։

Այս պահին հայտերն ընդունվում են Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններում տարածքներ ունեցող սեփականատերերից և վարձակալներից։ Նախագծի հետագա աշխարհագրությունը կձևավորվի՝ հաշվի առնելով պոտենցիալ գործընկերների հետաքրքրվածությունը։

«Հայտ ներկայացնել, ինչպես նաև ծանոթանալ տարածքների պահանջներին և համագործակցության պայմաններին կարելի է sklad.wb.ru կայքում»,- հավելել են ընկերությունում։

Վերջին շաբաթներին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Wildberries-ի օբյեկտներին Ստավրոպոլի երկրամասում, Մերձմոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարում, Սիմֆերոպոլում, Վոլգոգրադում, Եկատերինբուրգում, Ուդմուրտիայում, ինչպես նաև Լենինգրադի, Տամբովի, Պենզայի, Սամարայի և Վլադիմիրի մարզերում։ Հարձակումների հետևանքով, ըստ հաղորդագրությունների, զոհեր և տուժածներ են եղել։

Կիմը օգոստոսի 1-ին հայտարարել էր, որ հարձակումների հետևանքով վնասներ են կրել նաև Հայաստանից հարթակում գործունեություն իրականացնող գործարարները։

Leave a Comment