Արման Ազարյանը ճանաչվել է տարվա լավագույն փրկարար

Շուրջ տասը տարի առաջ Արման Ազարյանը մուտք է գործել Փրկարար ծառայություն՝ գիտակցելով, որ այս ընտրությունը պահանջում է անվերապահ նվիրում, կամք և մարդկանց օգնելու պատրաստակամություն, ինչի արդյունքում…

Շուրջ տասը տարի առաջ Արման Ազարյանը մուտք է գործել Փրկարար ծառայություն՝ գիտակցելով, որ այս ընտրությունը պահանջում է անվերապահ նվիրում, կամք և մարդկանց օգնելու պատրաստակամություն, ինչի արդյունքում 2025 թվականի արդյունքներով ճանաչվել է լավագույն փրկարար։

Արման Ազարյանը նշում է, որ ծառայության տասը տարիների ընթացքում մեկնել է բազմաթիվ կանչերի, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր բարդությունն ու յուրահատկությունը, իսկ փրկարարը պետք է պատրաստ լինի արձագանքելու ցանկացած կանչի։

Ծառայած տասնամյակը վտանգների հետ առերեսման, անքուն հերթապահությունների, պատասխանատվության և փորձությունների ճանապարհ է, որը ձևավորվել է նվիրումով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ու վճռականությամբ։

Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության ՀՆՓԱԻԿ 4-րդ հերթափոխի պետ Արթուր Սարգսյանի խոսքով՝ դժվար եղանակային պայմաններում՝ անձրևին և ցրտին, նա արհեստվարժ ու ճիշտ կերպով իրականացրել է առաջադրանքներն ու մասնակցել որոնողական աշխատանքներին։

Փրկարարական գործողությունների հիմքն ամենօրյա մարզումներն են և մասնագիտական հմտությունների կատարելագործումը, քանի որ այս աշխատանքը պահանջում է ոչ միայն գիտելիք ու փորձ, այլև ֆիզիկական պատրաստվածություն։

Ծառայակիցները Արման Ազարյանին համարում են ոչ միայն փորձառու մասնագետ, այլև հավատարիմ ընկեր, ում ներկայությունը վստահություն է հաղորդում նույնիսկ ամենաբարդ պահերին։

Ազարյանը չի սիրում խոսել սեփական հաջողությունների մասին և վստահեցնում է, որ իր ծառայության ամենաբարձր գնահատականը փրկված կյանքերն են ու մարդկանց վերագտած հավատը, որ անգամ ամենադժվար պահերը հնարավոր է հաղթահարել։

 Radio Aurora-ի անձնակազմն իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր փրկարարներին՝ անմնացորդ նվիրումի, արիության և ամենօրյա վտանգավոր աշխատանքի համար։ 

Leave a Comment