Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի առանձին օջախներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հիվանդության նոր դեպքերի թիվը կրկնապատկվել է, ինչը վկայում է, որ բռնկումն ավելի արագ է տարածվում, քան հաջողվում է ուժեղացնել հակազդման միջոցառումները։
«Բռնկումն ավելի արագ է տարածվում, քան մենք կարողանում ենք ընդլայնել արձագանքը, իսկ որոշ օջախներում նոր դեպքերի թիվը վերջին մեկ շաբաթում կրկնապատկվել է»,- նա գրել է X-ում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասա կատարած այցից հետո։
ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ առողջապահական և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շտապ և լայնածավալ ուժեղացնել Էբոլայի դեմ պայքարի բոլոր ուղղությունները։ Խոսքը վերաբերում է բուժօգնության հասանելիության ընդլայնմանը, համաճարակաբանական հսկողության ուժեղացմանը, բուժաշխատողների պաշտպանությանը և անվտանգ հուղարկավորությունների կազմակերպմանը։
Գեբրեյեսուսը շեշտել է, որ բռնկումը զսպելու գործում առանցքային նշանակություն ունեն տեղական բնակչության վստահությունն ու հակահամաճարակային միջոցառումներին նրանց մասնակցությունը։
Էբոլայի 17-րդ բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սկսվել է մայիսի 15-ին՝ երկրի արևելքում։ Օգոստոսի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է երկրի պատմության ամենախոշոր բռնկումը։ Վերջին տվյալներով՝ վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3700-ը, իսկ մահացածներինը՝ 1600-ը։