Ռուսաստանից հեռանալը այլևս բավարար չէ․ Պուտինի նոր օրենքը սահմանափակումներ է նախատեսում արտերկրում գտնվողների համար

Արևիկ Կիրակոսյան
«Ռադիոլուր»

Օգոստոսի 4-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած նոր օրենքը, որը սահմանափակումներ է նախատեսում արտերկրում գտնվող այն քաղաքացիների նկատմամբ, որոնք Ռուսաստանում դատապարտվել են քրեական գործերով կամ ենթարկվել վարչական պատասխանատվության և, ըստ իշխանությունների, խուսափում են պատժի կատարումից։ Օրենքը կարող է սահմանափակել նրանց հասանելիությունը մի շարք պետական, գույքային և ֆինանսական ծառայությունների նկատմամբ։

Վլադիմիր Պուտինի ստորագրած նոր օրենքը վերաբերում է արտերկրում գտնվող այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ Ռուսաստանում կա ուժի մեջ մտած դատական ակտ կամ վարչական որոշում, և որոնք, ըստ իշխանությունների, խուսափում են պատժի կատարումից։ Սահմանափակումները կարող են վերաբերել ինչպես քրեական հոդվածներով դատապարտված անձանց, այնպես էլ վարչական պատասխանատվության ենթարկված քաղաքացիներին, եթե նրանց գործերը վերաբերում են օրենքում նշված հոդվածներին։ Միջազգային մամուլում սա բուռն քննարկման թեմա է։ Գերմանական Դոյչե Վելլեն նկատում է․

«Այդ քաղաքացիների թվում են Ռուսաստանի բանակի «վարկաբեկման», «օտարերկրյա գործակալի» կարգավիճակի հետ կապված պահանջները չկատարելու, «անցանկալի կազմակերպությունների» գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ հոդվածները։ Հենց այս հոդվածներն են վերջին տարիներին հաճախ կիրառվել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերում»։

Օրենքի հետևանքները կարող են զգալ այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանից տեղափոխվել են այլ երկիր, սակայն այնտեղ շարունակում են ունենալ գույք, բանկային հաշիվներ կամ այլ կապեր։ Օրինակ՝ արտերկրում գտնվող անձը կարող է խնդիրներ ունենալ նոր անձնագիր կամ լիազորագիր ձևակերպելիս։ Կարող են սահմանափակվել նաև Ռուսաստանում նրա գույքի տնօրինման հնարավորությունները կամ բանկային ծառայություններից օգտվելու իրավունքը։ Նախատեսվում է հյուպատոսական ծառայությունների սահմանափակում, այդ թվում՝ արտասահմանյան անձնագիր կամ լիազորագիր տրամադրելու մերժում։ Կարգելվի անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների օտարման իրավունքը, կարգելափակվեն բանկային հաշիվները և  բանկային հավելվածներից օգտվելու հնարավորությունը։

Ռուսական մամուլում պարզաբանվում է․

«Սակայն սահմանափակումները չեն կիրառվելու ավտոմատ կերպով։ Օրենքը նախատեսում է հատուկ ընթացակարգ։ Նախ անձը պետք է ներառվի Ռուսաստանի արդարադատության նախարարության հատուկ ցանկում։ Դրանից հետո անհրաժեշտ է երեք պայմանների միաժամանակյա առկայություն՝ ուժի մեջ մտած դատական վճիռ կամ վարչական որոշում, պատժից խուսափելու հաստատված փաստ և Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվելու հաստատում»։

Օրենքի ընդունումից հետո ամենակոշտ արձագանքները հնչեցին իրավապաշտպան շրջանակներից։ Ռուսական «Առաջին բաժին» իրավապաշտպան կազմակերպությունը նոր կարգավորումները անվանել է «քաղաքացիական մահվան մասին օրենք»՝ նշելով, որ այն կարող է զրկել քաղաքական հոդվածներով հետապնդվող արտագաղթած քաղաքացիներին մի շարք հիմնարար քաղաքացիական իրավունքներից։

Իրավապաշտպանների գնահատմամբ՝ դրա ազդեցության տակ կարող են հայտնվել նաև այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանից հեռացել են քաղաքական պատճառներով և այլևս չեն գտնվում երկրի իրավական համակարգի անմիջական վերահսկողության ներքո։

Ռուսաստանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ օրենքն ուղղված է այն անձանց դեմ, որոնք, իրենց գնահատմամբ, արտերկրից շարունակում են վնաս հասցնել պետությանը։Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել էր։

«Նրանք, ովքեր լքել են երկիրը և վնաս են հասցնում դրան, ընդդիմություն չեն։ Նրանք դավաճաններ են։ Նրանք հանցագործներ են»։

Օգոստոսի 4-ից ուժի մեջ մտած օրենքի իրական ազդեցությունը կախված կլինի դրա գործնական կիրառությունից։ Թե որքան լայն կմեկնաբանվեն «պատժից խուսափելու» և օրենքում ամրագրված մյուս չափանիշները, պարզ կդառնա առաջին իրավակիրառական դեպքերից հետո։ Հենց այդ պրակտիկան ցույց կտա՝ նոր սահմանափակումները կվերաբերե՞ն բացառապես պատժից խուսափող անձանց, թե՞ կդառնան արտերկրում բնակվող ռուսաստանցիների նկատմամբ վերահսկողության ավելի լայն գործիք։

Որքանով այս սահմանափակումներն ու խստացումները կառնչվեն ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերին կամ Հայաստանում բնակություն հաստատած ռուսներին, փորձագետները դեռ վաղ են համարում կանխատեսում անելը՝ շեշտելով, որ ՌԴ-ն վերջին հատկապես 3 տարիներին հրաժարվում է փոխանակվել իր երկրից մեկնածների կամ եկողների մասին տեղեկատվությամբ։

Leave a Comment