
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ստացած ահազանգի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել է վայրի կենդանիների ապօրինի պահման դեպք Գեղարքունիքի մարզում։ Տեսչական ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ծովագյուղ համայնքի բնակիչ Մ․Ա․-ն իր տան բակի փակ շինությունում, առանց օրենքով սահմանված համապատասխան թույլտվության, պահում է երկու գայլ։
Օգոստոսի 4-ին ԲԸՏՄ տեսուչների և «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի մասնագետների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մեկ արու և մեկ էգ գայլերն անվտանգ պայմաններում տեղափոխվել են կենդանաբանական այգի։


Այնտեղ կենդանիներն արդեն անցել են առաջնային անասնաբուժական անհրաժեշտ զննում, պատվաստվել ու չիպավորվել են։ Այս պահին նրանք գտնվում են մասնագիտական մշտադիտարկման և պատշաճ խնամքի ներքո։ Օրինախախտ քաղաքացու նկատմամբ սահմանված կարգով նշանակվել է վարչական տուգանք՝ 150,000 դրամի չափով։