Երևանի քաղաքապետարանում տարբեր տարիներին աշխատած մի քանի տասնյակ պաշտոնյաների անուններ շրջանառվում են քրեական տարբեր գործերում։ Մի դեպքում խոսքը համայնքային հողերի հնարավոր ապօրինի օտարման մասին է, մյուսում՝ դատական ակտը չկատարելու, երրորդում՝ տարիներ առաջ կնքված գործարքների։ Թեև գործերը վերաբերում են տարբեր ժամանակահատվածների և պաշտոնյաների, բայց մանրամասնում են, թե ինչպես են տարիներ շարունակ տնօրինվել Երևանի համայնքային հողերն ու գույքը։
Համայնքային հողերի օտարում, կեղծ փաստաթղթեր, ձևական աճուրդներ և պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահումներ։ Վերջին ամիսներին Երևանի քաղաքապետարանի նախկին ու ներկա պաշտոնյաների անունները մեկը մյուսի հետևից հայտնվում են քրեական վարույթներում՝ բացահայտելով տարբեր տարիներին ընդունված որոշումների նոր մանրամասներ։
2010-2018 թթ․ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Անդրանիկ Քասարյանը, կեղծ տվյալներ օգտագործելով, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալի որդուն է օտարել 2500 քառ․ մ մակերեսով հողամաս։ Տարոն Մարգարյանն այդ տարիներին Երևանի քաղաքապետն էր։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ այդ տվյալները ներկայացվել են հողամասի նշանակությունը փոխելու և այն հետագայում ապօրինաբար օտարելու համար։
Քննությամբ բացահայտվել է ևս մեկ դրվագ։ Նախկին պաշտոնյան կեղծ եզրակացություն է կազմել Ուսանողական այգու տարածքում կառուցված շինության վերաբերյալ՝ նպատակ ունենալով գրանցելու ռեստորանային համալիրներից մեկի հետ կապված ընկերության իրական շահառուի՝ ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետի կնոջ սեփականության իրավունքը։
Հակակոռուպցիոն կոմիտեն կասկածում է, որ դրանից հետո հողամասի մի հատվածն ավելի քան 24 մլն դրամով օտարվել է ընկերությանը․ այդկերպ խախտվել է Հողային օրենսգրքի պահանջներն ու վնաս հասցվել համայնքի շահերին։
Անդրանիկ Քասարյանի վերաբերյալ սա միակ քրեական վարույթը չէ։ Նա մեղադրվում է նաև մայրաքաղաքին պատկանող ավելի քան 140 մլն դրամ արժողությամբ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար:
Այս գործով հսկող դատախազը նախկին պաշտոնյայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 4 դրվագով և գործն ուղարկել դատարան։
Հանրային մեղադրող Արսեն Կոստանյանի խոսքով՝ քաղաքապետարանի նախկին պաշտոնյան եղել է այն հանձնաժողովի անդամ, որ զբաղվել է Երևանի պետական և համայնքային հողերի աճուրդների կազմակերպմամբ ու անցկացմամբ․
«Մտադրված է եղել իրեն փոխկապակցված անձ Արմեն Ղազարյանի և իր որդու՝ Տիգրան Քասարյանի օժանդակությամբ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու դիտավորությամբ փաստացիորեն իրեն փոխկապակցված, մասնավորապես իրենը և իր ընտանիքի անդամներինը դարձնելու Երևանի Վերին Անտառային փողոցի 136/3 հասեցում 195 և 250 քառ․ մ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության և խառը կառուցապատման նշանակության հողամասերը»։
Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Քասարյանը նախապես պայմանավորվել է քաղաքացի Արմեն Ղազարյանի հետ և կազմակերպել ձևական աճուրդ, որով 150 քառ․ մ հողամասը վաճառվել է Ղազարյանին՝ 10,5 մլն դրամով։ Աճուրդին Ղազարյանը փաստացիորեն չի մասնակցել, բայց ճանաչվել է հաղթող։
Մեկ այլ՝ 195 քառ․ մ մակերեսով հողամաս Քասարյանն օտարել է Ղազարյանին՝ մոտ 4,9 մլն դրամով։ Այնուհետև այդ տարածքների վրա կառուցվել է շուրջ 2․200 քառ․ մ մակերեսով բազմաբնակարան և հասարակական նշանակության շինություն, որը հետագայում օրինականացվել է։
Սակայն, ըստ դատախազության, շենքը դեռևս համարվում է ինքնակամ կառույց, որի արժեքը գնահատվում է շուրջ 125 մլն դրամ։
Ըստ քննության՝ 2018–ին Արմեն Ղազարյանը տրամադրել է կեղծ շինթույլտվություն 445 քառ․ մ հողամասում շենք կառուցելու համար։ Դրանից հետո, ըստ մեղադրանքի, ձևական պայմանագիր է կնքվել, որով գույքը նվիրատվությամբ փոխանցվել է Քասարյանի ընտանիքի անդամներին։ 2018-ին նրանք ստացել են գույքի սեփականության վկայականներ։
Դեռ 2023–ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել էր Քասարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ։
Ամիսներ առաջ էլ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության արդեն նախկին պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ էր հանրային քրեական հետապնդում հարուցվել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ գործը վերաբերում էր դատական ակտը չկատարելուն կամ դրա կատարումը խոչընդոտելուն։ Հարությունյանի պաշտոնավարումը կասեցվել էր, խափանման միջոց էր կիրառվել երկրից բացակայելու արգելքը։
Ինքը՝ Հարությունյանը, չէր ընդունել մեղադրանքը։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա պարզաբանել էր․
«Գնման հայտը ներկայացնելուց մոտ մեկ շաբաթ հետո ես ստացել եմ «Իմպեքս» ՍՊԸ-ի բողոքի հիման վրա հայցի ապահովում կիրառելու դատական ակտը, որով արգելվում է ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել մինչև հիմնական հայցով վերջնական դատական ակտի կայացումը: Ընդ որում՝ հենց նույն դատական ակտում է նշված, որ օրենսդրությամբ արգելվում է կայացնել որևէ դատական ակտ, որը կկասեցնի արդեն իսկ սկսված գնման գործընթացը: Ըստ էության՝ ինձ մեղադրում են գնման հայտը ներկայացնելուց մի քանի օր անց ստացած դատական ակտը չկատարելու համար, այսինքն ստացվում է՝ ես մինչև դատական ակտը ստանալը պետք է իմանայի նման ակտի մասին և չնախաձեռնեի»։
Քաղաքապետարանի պաշտոնյաներին առնչվող քրեական վերջին վարույթներից մեկում շրջանառվում է այս կառույցում 30 տարի տարբեր պաշտոններ զբաղեցրած, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի անունը։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ նյութերն արդեն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։
Ըստ մեղադրանքի՝ խոսքը 2003-2009 թթ․ կամ այն ժամանակահատվածի մասին է, երբ Արեյանը զբաղեցնում էր քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ Քննության տվյալներով՝ նա ներգրավված է եղել Ազատության պողոտա-Բաբայան փողոց հատվածում երկու՝ ընդհանուր 12 հզր քառ․ մ մակերեսով հողամասերի օտարման գործընթացի մեջ։
Դատախազության պնդմամբ՝ այդ հողատարածքները պետական սեփականություն էին, օրենքով սահմանված արգելքներին հակառակ դրանք օտարվել են։