Թեկնածուները՝ երկրորդ պլանում, մեղադրանքները՝ առաջին․ Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ

Խորհրդարանը շարունակում է ձևավորել ԱԺ նախագահության կազմը։ Խոսնակի ընտրությունից հետո հերթը փոխխոսնակներինն է։ Ազգային ժողովն այսօր քննարկել է մեծամասնության առաջադրած թեկնածուներին խորհրդարանի փոխնախագահների պաշտոնում ընտրելու հարցը։ Վահագն Ալեքսանյանի թեկնածության քննարկումը կշարունակվի վաղը, իսկ Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ փոխնախագահ է ընտրվել ձայների 63 կողմ, 28 դեմ հարաբերակցությամբ։

Ինչպես խորհրդարանի նախագահի ընտրության ժամանակ, այնպես էլ այս անգամ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկել։

«Հանգի՛ստ եղեք, եթե ես ընտրվեմ, խոստանում եմ ձեզ համար ապահովել հաճելի ժամանց այս նիստերի դահլիճում»։

9-րդ գումարման խորհրդարանի փոխնախագահ ընտրված Հայկ Կոնջորյանը մինչև քվեարկությունն էր ընդդիմադիր գործընկերներին հորդորում չմտահոգվել իր պաշտոնի փոփոխությամբ։ Վստահեցնում էր՝ դահլիճում նստելու տեղի փոփոխությունը չի ազդի իր և Ազգային ժողովի աշխատանքի վրա։

Խորհրդարանի երեք փոխնախագահների ընտրությունն առաջին նստաշրջանի օրակարգային պարտադիր հարցերից է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»–ն առաջադրել է 8-րդ գումարման խորհրդարանում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի թեկնածությունները։ Երրորդ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

Հայկ Կոնջորյանի թեկնածությունը քննարկելիս ընդդիմադիրների հարցերը մեծ մասամբ վերաբերում էին վերջինիս կնոջ՝ «Հայփոստի» տնօրեն նշանակվելուն ու ամսական 10 հզր դոլար աշխատավարձին։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը կասկածներ ունի, որ սա քաղաքական հովանավորչության հետևանք է․

«Պարոն Կոնջորյան, ամեն դեպքում օրվա հերոսը դուք եք, ձեր մասին պետք է խոսել։ Ես չեմ բացառում, որ ձեր կինը նույնիսկ լավ մասնագետ է, նույնիսկ շատ լավ մասնագետ է։ Բայց արդյո՞ք, եթե ինքը չհանդիսանար Հայկ Կոնջորյանի կինը, կնշանակվե՞ր այդ պաշտոնին, թե ոչ»։

Աննա Գրիգորյանի կարծիքով՝ ընդդիմադիրների հարցերն անպատասխան չէին մնա, եթե պարզ լիներ, թե ովքեր են ընդգրկված եղել ընտրող հանձնաժողովի կազմ։ Պատգամավորների մտահոգություններին արձագանքելով՝ Հայկ Կոնջորյանը պարզաբանում է․

«Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ։ Իմ կինը «Հայփոստ»-ի տնօրեն չի նշանակվել պարզապես ուրիշ տեղից գալով։ Ինքը «Հայփոստ»-ում եղել է վարչության ղեկավար։ Հետո եղել է մրցույթ, իմ կինը, մասնակցելով այդ մրցույթին, մրցութային խորհրդի կողմից ընտրվել է «Հայփոստ» ընկերության տնօրեն»:

Կոնջորյանի խոսքով՝ մրցութային խորհրդի կազմում ինքը ներկայացված չի եղել և չէր էլ կարող լինել։ Միաժամանակ ընդգծել է, որ խորհրդի կազմ ընդգրկված են եղել նաև ոլորտի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

«Հայփոստի» թեման, սակայն, այս պարզաբանմամբ չի ավարտվում։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն ընկերության աշխատանքին ու կառավարման խնդիրներին մասնավոր օրինակով է անդրադառնում․

«Պատկերացնում եք՝ «Հայփոստ»-ը պատկանում է ԲՏԱ նախարարությանը։ ԲՏԱ նախարարությունը 19-20-րդ դարի ընթացակարգով է շարժվում․ տպագիր չեն տպում։ Ու իմ փաստաթղթերը կորավ և այդ փաստաթղթերը, եթե ես նորից հանեի մի հատ պիտի դիմեի Առևտրի արդյուբաներության պալատի Մարգարիտ ծոծյային, որպեսզի կարողանար վերականգներ ծագման սերտիֆիկատը։ Դիմեի ֆիտոսանիտարական սերտիֆիկատ տվող Բարխուդարյան Վարդանին, դիմեի իմ բրոկեր Մարտինին և գտնեի մաքսայինի աշխատող Մկրտչյան Նարեկը որ հերթափոխում է աշխատում, որ ինվոյսիս վրա ամիսն ու ամսաթիվը գրեր։ Որ ես կարողանայի գումար ստանալ իմ իտալացի հաճախորդից»։

Հարություն Մնացականյանը հարցրեց, թե ինչպես կարձագանքեր 2015-16 թթ․ լրագրող աշխատած Հայկ Կոնջորյանը 2026–ին ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանին առնչվող քննարկմանը․

«Փաստորեն, 8 տարի քաղաքական գործունեությամբ զբաղված, 8 տարի ԱԺ-ի ամենակատիվ պատգամավորներից մեկը եղած, 5 տարի կառավարող խմբակցության ղեկավար եղած Հայկ Կոնջորյանի անձի, անձամբ իր մասին, անձամբ իր գործունեության մասին, որևէ հակափաստարկ ու կոմպրոմատ չկա։ Որևէ ասելիք չկա»։

Պատգամավորներն իրենց ելույթներում հիշեցին ոչ միայն Կոնջորյանի կնոջ պաշտոնը, այլև Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը։

Կոնջորյանի համոզմամբ՝ նման մոտեցմամբ փորձ է արվում թիրախավորելու ոչ միայն իրեն, այլև ընտանիքի անդամներին․

 «Այս երկու օրերի քննարկումն ինձ մոտ վերահաստատեց այն համոզմունքը, որ մեր ընդդիմադիր գործընկերները իմ թեկնածության հետ կապված հակափաստարկ և ասելիք չունեն։ Ամեն ինչ ինձ հետ փոխկապակցված անձանց շուրջ, բայց ոչինչ իմ գործունեության վերաբերյալ»։

Հայկ Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելուց հետո խորհրդարանն անցավ մեծամասնության առաջադրած երկորդ թեկնածության քննարկմանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը միացել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ խորհրդարանում բարեկիրթ և հարգալից խոսույթ ձևավորելու կոչին․

«Ոչ ոք չի ասում՝ չքննադատենք կամ մեղադրանքներ չհնչեցնենք։ Ես, օրինակ, համարում եմ, որ դուք այստեղ եք հայտնվել, որովհետև ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել։ Բայց ձեզ դիմելիս ասելու եմ «պարոն», «տիկին» և «հարգելի գործընկերներ»։ Քանի դեռ հակառակը չեմ տեսել կամ լսել, ձեզ հետ խոսելու եմ հարգալից»։

Վահագն Ալեքսանյանի թեկնածությանը խորհրդարանը կքվեարկի վաղը, իսկ մինչև այդ՝ ելույթների համար հերթագրվել է 46 պատգամավոր։

Leave a Comment