Արևիկ Կիրակոսյան
«Ռադիոլուր»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսում է լայնածավալ վերահսկողություն․ սնունդ տեղափոխող առաքիչները պետք է անցնեն բժշկական զննում և ունենան սանիտարական գրքույկ՝ տրված բժշկական հաստատության կողմից։ Պահանջի նպատակն է վերահսկել սննդի հետ աշխատող անձանց առողջական վիճակը և նվազեցնել սննդի միջոցով փոխանցվող ռիսկերը։
Երևանում օրական սննդի հարյուրավոր, անգամ հազարավոր առաքումներ են կատարվում, ընդ որում՝ գնալով ավելի շատ։ Խոստացվում է արագ առաքում, ժամանակի խնայում և հարմարավետություն։ Բայց մի շատ մտահոգիչ հարց մնում է՝ ո՞ւմ ձեռքով է սնունդը հասնում մեր սեղանին՝ որքանո՞վ հիգիենիկ վիճակում։ «Ռադիոլուր»-ի զրուցակից Լիլիթի համար սնունդ պատվիրելը օրվա մի բաղադրիչ է։ Հաճախ է պատվիրում ու գրեթե նույնքան հաճախ էլ նկատում խնդիրներ՝ առաքիչների արտաքին տեսքից ու անձնական հիգիենայից մինչև սննդի տեղափոխման պայմաններ։
«Առաքման բազմաթիվ հայտնի կազմակերպությունների առաքիչների մոտ նկատում եմ փնթիություն՝ սկսած հագուստից և անձնական հիգիենայից։ Հարցեր են առաջանում՝ արդյոք սնունդը, որը ես պետք է ուտեմ, առողջ ու հիգիենիկ պայմաններում է հասնում ինձ։ Նաև ընդհանուր կազմակերպությունն ունի անելիք․ տուփերը, որոնց մեջ տեղավորում են սնունդը, մեղմ ասած, շատ տհաճ են, գոնե ղեկավարները թող հոգան՝ տեխնիկական պայմանները մաքուր լինեն»։
Լիլիթը միակ դժգոհողը չէ։
«Սանիտարահիգիենիկ նորմերը, եթե բարձր մակարդակի տեղերում էլի ոչինչ, ապա միջին արժեքով վայրերում շատ վատ են այդ հարցում։ Դրա տակ կարող ենք դիտարկել թե՛ ուտելիքի հերմետիկությունն ու ապահովությունը, թե՛ առաքիչի մոտեցումը։ Մեծ հաշվով՝ խնդիրների մեծ մասը առաքիչից չի գալիս, իրենը զուտ տեղ հասցնելն է, բայց ինքն էլ ուշադիր պետք է լինի»։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից ավելի խստորեն է վերահսկելու սննդի առաքման ոլորտը։ Սննդի բոլոր առաքիչները պետք է անցած լինեն պարտադիր բժշկական զննում և ունենան դա հավաստող սանիտարական գրքույկ։ Նրանց նախնական և պարբերական բժշկական զննության ենթարկվելը պետք է ապահովի գործատուն։ Պահանջը չպահպանելու դեպքում վարչական պատասխանատվություն կկրի ոչ միայն առաքիչը, այլև գործատուն։ ՍԱՏՄ-ի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը «Ռադիոլուրին» պարզաբանում է։
«Բժշկական գրքույկը պարտադիր է սննդի շղթայում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի համար, այն տրվում է բժշկական հաստատությունների կողմից։ Գրքույկը պետք է մեկ անգամ ձեռք բերել և 6 ամիսը մեկ պարբերական զննումն անցնել և լինել առողջ»։
Պահանջը նոր չէ, պարզապես դրա պահպանումն օգոստոսի 1-ից ավելի խստորեն է վերահսկվելու՝ պայմանավորված սննդի առաքման ավելացմամբ, իսկ շոգին սննդի տեղափոխումը հատուկ ուշադրություն է պահանջում։ Գումարվում են նաև քաղաքացիների բողոքներն ու ահազանգերը։ Անուշ Հարությունյան․
«Եղել են բողոքներ, տարեսկզբին էլ են եղել բողոքներ, որ երբեմն առաքման ժամանակ գալիս են մարդիկ, որ անհայտ է՝ արդյոք այդ մարդիկ առողջ են, արդյոք տեղափոխման իրավունք ունեն, թե ոչ։ Հատկապես ամառվա շրջանում, երբ առաքումները պետք է շատ ավելի հստակ արվեն՝ շոգ եղանակ է և այլն, մենք նորից փորձում ենք խստացված ստուգումները վերսկսել»։
Վերահսկողությունը պետք է սկսվեր դեռ տարեսկզբին, սակայն առաքման ընկերությունները խնդրել են լրացուցիչ ժամանակ՝ հասցնելու պատրաստվել դրան, որո առաքիչներ բուժզննուն անցնեն ու սանգրքույկ ստանան։
«Դեռ տարեսկզբին՝ մարտից մենք փորձում ենք այս խստացված վերահսկողությունը սկսել։ Բայց դրան արձագանքել են առաքում իրականացնող մեծ կազմակերպությունները՝ Yandex-ը, Glovo-ն ու էլի մի քանիսը, որոնք գրեթե 2000–3000 առաքիչներ ունեն և մեզանից խնդրել են ժամանակ, որպեսզի բոլորը կարողանան անցնել բուժզննում։ Մենք բնականաբար ընդառաջել ենք, քանի որ մեր խնդիրը տնտեսվարողին տուգանելը չէ, այլ խնդիրը լուծված տեսնելը»։
Այժմ լրացուցիչ ժամանակն ավարտվել է, և ՍԱՏՄ-ն անցնում է խիստ վերահսկողության։ Տեսչական մարմնից հայտնում են, որ կհրապարակվեն ոչ միայն արձանագրված խախտումները, այլև բարեխիղճ կազմակերպությունների անունները։ Անուշ Հարությունյանը նկատում է՝ սանիտարական գրքույկն ինքնին լիովին չի բացառում ռիսկերը։
«Սննդամթերքի կազմակերպմամբ զբաղվող գործատուն պետք է անընդհատ հետևի իր աշխատողների առողջությանը, որովհետև 6 ամիսը մեկ զննում անցնելը չի նշանակում, որ մարդը, օրինակ, գրիպով կամ դիարեայով հիվանդացած չի կարող լինել, և դա նկատելու դեպքում գործատուն այդ պահին էլ պետք է արգելի սննդի հետ անմիջական շփում ունեցող աշխատակցին՝ լինել աշխատավայրում»։
Սննդի անվտանգությունը չի ավարտվում խոհանոցում․ այն շարունակվում է մինչև այն պահը, երբ սնունդը հասնում է սպառողի սեղանին։ Տեսչականից զգուշացնում են՝ սանիտարական գրքույկ չունեցող առաքիչների գործատուները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Արդյոք քաղաքացին ինքն իրավունք ունի սննդի առաքիչից պահանջել ներկայացնել սանգրքույկ՝ նոր կարգավորման մեջ հստակեցված չէ։