
Օգոստոսի 2-ի գիշերը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակումներից մեկը, որի ընթացքում Ռուսաստանի երկնքում խոցվել է 635 ուկրաինական ԱԹՍ, սակայն արձանագրվել են նաև հարվածներ ենթակառուցվածքների և բնակելի շենքերի ուղղությամբ:
Սամարայի մարզի Նովոսեմեյկինո ավանում հարձակման է ենթարկվել «Wildberries»-ի խոշոր լոգիստիկ կենտրոնը, ինչի հետևանքով պահեստում հզոր հրդեհ է բռնկվել։ Ընկերության ղեկավարության և նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևի հաղորդմամբ՝ զոհեր և տուժածներ չկան, իսկ ապրանքների մատակարարումները վերաուղղորդվել են դեպի այլ օբյեկտներ։ Սա արդեն ընկերության իններորդ պահեստն է, որը հարձակման է ենթարկվում հուլիսի կեսերից ի վեր։
Սարատովի մարզում ԱԹՍ-ների հարվածներերից զոհվել է երկու մարդ։ Էնգելս քաղաքում վնասվել է բազմաբնակարան շենք, իսկ Սարատովում տուժել է Տուլսկայա փողոցի իննհարկանի շենքերից մեկը։ Բացի բնակելի ֆոնդից, հարվածներ են հասցվել նաև արդյունաբերական և ռազմական օբյեկտներին։ Ականատեսները հայտնել են «Ռոսնեֆտ»-ի կազմում գտնվող Սարատովի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի, ինչպես նաև «Էնգելս-2» ռազմական օդանավակայանի տարածքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ավելի ուշ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է այդ օբյեկտների խոցման փաստը։
Մասշտաբային հարձակման պատճառով «Ռոսավիացիա»-ն ժամանակավոր սահմանափակումներ էր մտցրել Պովոլժիեի 8 օդանավակայանների (այդ թվում՝ Սամարայի, Սարատովի և Կազանի), ինչպես նաև Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատանքում։