2026 թվականի գարնանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը ոչ միայն ընդհատեց 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործի դատավարությունը, այլև դարձավ նոր քրեական վարույթի հիմք։ Այսօր այդ գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի 18 անձ, որոնց նկատմամբ դատարանն արդեն սկսել է դատաքննությունը։
Գործի նախապատմությունը
2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանվեց 24-ամյա Սարգիս Զեյնալյանը։ Քննչական մարմնի տվյալներով՝ երկու անձ դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել երիտասարդին, ինչի հետևանքով նա մահացել է։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ դեպքը նախորդած անձնական հակամարտության շարունակությունն էր։
Սպանության գործի դատաքննությունը 2026 թվականի ապրիլի 1-ին տեղափոխվեց Չարենցավանի դատարան, որտեղ դատական նիստի ընդմիջման ժամանակ լարվածությունը վերածվեց զանգվածային ծեծկռտուքի։ Տուժողի և ամբաստանյալների հարազատների միջև սկսված բախման ընթացքում վնասվեց դատարանի գույքը, մարմնական վնասվածքներ ստացան դատական կարգադրիչները, իսկ ոստիկանությունը միջամտելուց հետո ձերբակալեց 31 անձի։
Հետագայում նախաքննության արդյունքում հանրային քրեական հետապնդում հարուցվեց 18 անձի նկատմամբ։ Նրանցից երեքը կալանավորվեցին, մյուսների նկատմամբ կիրառվեցին այլընտրանքային խափանման միջոցներ։
Առաջին դատական նիստը
Նոր քրեական գործով առաջին դատական նիստը հիմնականում կազմակերպչական բնույթ էր կրում։
Դատարանը նախ լուծեց նիստի հրապարակայնության հարցը։ Քանի որ որևէ կողմ առարկություն չներկայացրեց, թույլատրվեց դատական նիստի տեսաձայնագրությունը։ Այնուհետև դատարանը ճշտեց, որ բոլոր մեղադրյալները ստացել են մեղադրական եզրակացության պատճենները, ինչպես նաև իրենց իրավունքների վերաբերյալ ծանուցումները։
Նիստի ընթացքում պարզ դարձավ, որ մի շարք մեղադրյալներ չեն կարող վճարել մասնավոր պաշտպանի ծառայությունների համար։
Առաջինը հանրային պաշտպան տրամադրելու միջնորդությամբ հանդես եկավ Ռոբերտ Զեյնալյանը՝ հայտարարելով, որ չունի բավարար ֆինանսական միջոցներ։ Հետագայում նույնպիսի միջնորդություններով հանդես եկան նաև Կարեն Զեյնալյանը, Հովհաննես Մկրտչյանը և Նարեկ Աբաջյանը։
Դատարանը բոլոր միջնորդությունները բավարարեց և որոշեց նրանց նշանակել հանրային պաշտպան՝ համապատասխան որոշումները ուղարկելով Հանրային պաշտպանի գրասենյակ։ Նիստի ամենակարևոր հարցը վերաբերում էր Հովհաննես Զեյնալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցին։
Մինչ այդ նա կալանքից տեղափոխվել էր տնային կալանքի՝ մեկ միլիոն դրամ գրավի և բացակայելու արգելքի համակցությամբ։
Դատախազությունը պնդեց, որ պահպանվում են երկու հիմնական ռիսկերը՝ ապացույցների վրա ազդելու և դատավարությանը խոչընդոտելու։
Ըստ մեղադրանքի կողմի՝ դատաքննությունը դեռևս սկզբնական փուլում է, ապացույցների հետազոտությունը չի ավարտվել, ուստի խափանման միջոցի մեղմացման հիմքեր չկան։
Հովհաննես Զեյնալյանի պաշտպան Վլադիմիր Մկրտչայնն իր հերթին ներկայացրեց հակադիր դիրքորոշում։ Նրա խոսքով՝ դատարանի կողմից նախկինում արձանագրված ռիսկերը փաստացի վերացել են, քանի որ ավարտվել է նախաքննությունը, արդեն իսկ կատարվել են հիմնական քննչական գործողությունները, իրականացվել են առերես հարցաքննությունները, իսկ ապացույցներն արդեն ամրագրված են։
Պաշտպանը հղում կատարեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին՝ ընդգծելով, որ անձի ազատության սահմանափակումը չի կարող հիմնված լինել միայն ենթադրությունների վրա և պետք է ապացուցվի կոնկրետ ու իրական վտանգների առկայությամբ։
Դատարանում անձամբ ելույթ ունեցավ նաև Հովհաննես Զեյնալյանը։ Նա հայտարարեց, որ զղջում է տեղի ունեցածի համար և վստահեցրեց դատարանին, որ որևէ վտանգ չի ներկայացնում։ Նրա խոսքով՝ կատարվածը հետ վերադարձնել հնարավոր չէ, սակայն ինքը պատրաստ է պահպանել դատարանի կողմից սահմանված բոլոր պարտավորությունները։
Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը որոշեց վերացնել Հովհաննես Զեյնալյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը, նրան ազատ արձակել անմիջապես դատական նիստերի դահլիճից։ Դատարանը անփոփոխ թողե մեկ միլիոն դրամ գրավը և բացակայելու արգելքը։
Քանի որ չորս մեղադրյալների համար անհրաժեշտ էր նշանակել հանրային պաշտպան, իսկ մեկ մասնավոր պաշտպան չէր ներկայացել նիստին, դատարանը հետաձգեց դատական նիստը։ Հաջորդ նիստի օրը տեղում չնշանակվեց։ Դատարանը հայտնեց, որ նախ պետք է ստացվեն Հանրային պաշտպանի գրասենյակի պատասխանները, որից հետո միայն կհամաձայնեցվի դատական հաջորդ նիստի օրը։