«Մեր գլխին կանգնած էին, անգամ երկրպագում էին մերոնց»․ հայ ըմբիշները Բաքվից վերադարձել են մեդալներով ու փոքր-ինչ զարմացած

4 օր Բաքվում անցկացրած ըմբշամարտիկները Հայաստան են վերադարձել մեդալներով ու մի փոքր զարմացած․ Ադրբեջանն ապահովել է անվտանգության խոստացված երաշխիքները, ծառայության աշխատակիցները հերթապահել են հայ ըմբիշների սենյակների մոտ, հետաքրքրվել, թե ուր են գնում կամ գալիս, անգամ երկրպագել, երբ հայ մարզիկներն են մրցել՝ պատմում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը․

«Մեր գլխին կանգնած էին, մեր հարկում կանգնած էին, որ ինչ-որ օտար մարդ չգա մեր հարկ։ Երկու հարկ մենք էինք զբաղեցնում, իրենք ասում էին` ո՞ւր ես գնում, ասում էինք` վերև։ Երեկոները կանգնում էին, որ մարդ չմտնի մեզ մոտ, մեր «օխրանա» կոչվածը մեզ հետևում էին աչքի լույսի պես, շատ բարյացկամ, շատ դրական, մեր տղերքի հետ խոսում էին, անգամ երկրպագում էին։ Մենք անգամ սպասում էինք, որ կարող է շիշ շպրտեն կամ վատ բառեր ասեն»։  

Այնուամենայնիվ, երբ ոսկե մեդալ նվաճած Ջանես Նազարյանի պատվին պիտի հնչեր Հայաստանի օրհներգը, դահլիճից սուլոցներ լսվեցին։

«Մենք կանգնած էինք աջ կողմում, ձախ կողմում յոթ-ութ անչափահաս երեխեք էին, սկսեցին սուլել, բայց ընդհանուր դահլիճից սուլել, եսիմ ինչ անել, չէ, իրենք իրենց ակուրատնի են պահել»։

Առաջին անգամ Բաքվում Հայաստանի օրհներգը լսելը հուզիչ էր հատկապես հենց այդ դահլիճում գտնվողների համար՝ ասում է Խաչատրյանը։ Անկեղծանում է՝ մինչև այդ վայրկյանները կասկածել են, որ որևէ միջամտություն կլինի։  

«Դա շատ հուզիչ էր, շատ ոգևորիչ էր, որ կարողացանք։ Մենք ասում էինք՝ երևի չթողնեն, բայց այնպես ստացվեց, որ խնդիր չեղավ Ջանեսի հետ կապված, նաև մրցավարության ու մնացած հարցերի հետ կապված»։

Ոսկե մեդալը նվաճած Ջանես Նազարյանի բոլոր գոտեմարտների ժամանակ մրցավարական խնդիրներ չեն եղել, սակայն բրոնզե մեդալակիր Գևորգ Հարությունյանի և ադրբեջանցի ըմբիշի մրցապայքարում մի քանի վիճահարույց պահեր եղել են։ Գլխավոր մարզչի խոսքով՝ պարտության պատճառն ավելի շատ փորձի պակասն էր․ Հարությունյանն առաջին անգամ էր մասնակցում միջազգային մրցաշարի։

«Մրցավարական բան չկար, որովհետև մրցավար ունեինք այնտեղ Հայաստանը ներկայացնող։ Նստեցինք, քննարկեցինք, նայեցինք վիդեոները, թե ինչու է այսպես, ինչու ոտքը դուրս դրեց։ Վիճահարույց պահեր կային, որտեղ մեր մարզիկը, ասեցի, անփորձության պատճառով է դա արել»։

Գևորգն այդ գոտեմարտում ձեռքի վնասվածք ստացավ, բայց որոշեց մի կողմ դնել ցավն ու պայքարել բրոնզի համար։

«Ես որ պարտվեցի, իմ սրտի խորքում շատ ուժեղ ցավ զգացի։ Հետո հասկացա, որ կարող եմ բրոնզե մեդալ վաստակել ու գնացի մինչև վերջ»։

Աշխարհի կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանի խոսքով՝ հաղթանակ տանող վերջին րոպեներին ամենաբարդը միաժամանակ գոտեմարտն ու սեփական հույզերը կառավարելն էր։

«Լարվածությունը և պատասխանատվությունը մեծ են, քանի որ դու և մրցակիցդ դուրս եք եկել մրցելույթին միայն հաղթելու համար։ Մրցակիցս ուժեղ էր, զգայուն տղա էր։ Ես ևս սխալներ թույլ տվեցի սկզբում, երբ միավոր տվեցի։ Ինձ մարզիչներն օգնեցին, հանգստացրին, որ չխառնվեմ և ավելի վատ արդյունք ցույց չտամ»։

Հունահռոմեկան ոճում հայ պատանի ըմբիշներն ընդհանուր հաշվարկով 3 մեդալ նվաճեցին՝ 2 բրոնզ և մեկ ոսկի։ Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ առաջնությունից առաջ սպասելիքներն ավելի մեծ էին, սակայն գոհացնող է հատկապես խաղարկվող փոքրաթիվ ոսկիներից մեկը Հայաստան բերելը։

«Ադրբեջանի թիմը մի քանի մեդալ ավելի ունեցավ, բայց ոսկե մեդալ չունեցան, իրենք շատ տխրեցին, որ ոսկե մեդալները բաժանվեցին աշխարհով մեկ՝ Ամերիկայից սկսած ամեն տեղ բաժանվեց, բայց իրենց մոտ, իրենց հարկի տակ, իրենք չկարողացան ոսկե մեդալ նվաճել։ Իրենց համար շատ դիլխոր էր, այսպես ասած, իրենք շատ էին ուզում մի բան անել, բայց չստացվեց։ Չստացվեց, որովհետև նորից կրկնեմ` մրցավարությունը շատ բարձր մակարդակի էր»։

Մինչ հունահռոմեական ոճի ըմբիշները ամփոփում են արդյունքները, Բաքվում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ նրանք հաղթանակներով են մեկնարկել։ Դավիթ Բալեյանն արդեն կիսաեզրափակիչում է, իսկ Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազիրովին ու շարժվում է առաջ։

Leave a Comment