Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության Հարավային Կովկասի համար ոստիկանության կցորդ Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։

Պարգևը հանձնել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից, փոխնախարարը բարձր է գնահատել Օլիվյե Լեֆեբվրի ներդրումը երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման գործում՝ ընդգծելով նրա հետևողական աջակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը համատեղ նախաձեռնությունների իրականացման ճանապարհին։

Օլիվյե Լեֆեբվրը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ համատեղ աշխատանքները։

Leave a Comment