Հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների և ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված՝ հանրային հնչեղություն ունեցող վարույթներով ներկայումս միլիարդավոր դրամներ, անշարժ գույքեր, ընկերությունների բաժնեմասեր և այլ ակտիվներ պետության կողմից արգելանքի տակ են կամ բռնագանձվում են։
Գործող Հակակոռուպցիոն ռազմավարությամբ կառավարությունը պարտավորվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա կատարելագործել այդ ակտիվների կառավարման կառուցակարգերը և մինչև 2026 թվականը համապատասխան օրենսդրական փաթեթը ներկայացնել Ազգային ժողով։
Որպես օրինակ նշեցինք Իտալիան, որտեղ առանձին համակարգ է գործում ոչ միայն վերջնական բռնագանձված, այլև դեռևս արգելադրված ակտիվների կառավարման համար։ Ավելին՝ այդ ակտիվների մի մասը սահմանված կարգով կարող է օգտագործվել սոցիալական ծրագրերի իրականացման համար կամ տրամադրվել հասարակական կազմակերպություններին։
Կառավարության ղեկավարից հետաքրքրվեցինք՝ ընդունվե՞լ և գործո՞ւմ են արդյոք Հայաստանում ակտիվների կառավարման նոր կառուցակարգերը, ո՞ր մարմինն է պատասխանատու դրանց կառավարման և աուդիտի համար, ինչպես նաև՝ քննարկվո՞ւմ է միջազգային, մասնավորապես՝ իտալական փորձի ներդրումը Հայաստանում։
Հետաքրքրվեցինք նաև, թե երբ կավարտվեն այդ քննարկումները և երբ կհստակեցվի ակտիվների կառավարման վերջնական մոդելը։ Սակայն վարչապետը կոնկրետ ժամկետ չնշեց՝ ընդգծելով, որ հարցը բազմաշերտ է, և անհրաժեշտ է մանրակրկիտ մոտեցում։
Թե ինչ վերջնական մոդելով կկառավարվեն պետության տնօրինության տակ անցած ակտիվները, ինչպես նաև՝ արդյոք դրանց մի մասը կուղղվի հասարակական կազմակերպություններին կամ սոցիալական ծրագրերի իրականացմանը, կառավարությունում առայժմ չեն հստակեցնում։ Սակայն գործադիրի ղեկավարը վստահեցնում է՝ թեման շարունակում է մնալ կառավարության օրակարգում, և առաջիկայում այդ ուղղությամբ նոր որոշումներ կընդունվեն։
Թագուհի Մանուկյան