ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Financial Times»-ին տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ «վստահ չէ»՝ կթույլատրի՞ արդյոք Ուկրաինային արտադրել հրթիռներ «Patriot» զենիթահրթիռային համակարգերի համար: «Մենք դիտարկում ենք այդ հարցը»,- մեջբերում է նրա խոսքերը պարբերականը:
«Patriot»-ի հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրելու խոստումը հնչել էր հուլիսի սկզբին՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ: Այս թեման Թրամփն ու Զելենսկին քննարկել են նաև երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, հայտնել էր Ուկրաինայի նախագահը, ում համար «Patriot»-ի զինամթերքը կրիտիկական նշանակություն ունի և անհրաժեշտ է ռուսական բալիստիկ հրթիռների հաճախակի դարձած հարվածները հետ մղելու համար:
«Սա միանգամայն բացառիկ զենք է, և մենք պետք է մի փոքր ավելի զգույշ լինենք այն հարցում, թե ում ենք լիցենզիաներ տրամադրում: Իրականում մենք սարքավորումների արտադրության լիցենզիաներ չենք տալիս»,- FT-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:
Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ վերջին հանդիպումն անվանել էր «լավ» և ասել, որ իրենք քննարկել են «Patriot զենիթային հրթիռների արտադրությունը և մի քանի այլ գաղափարներ»: Թրամփը «ընդունել է մեզ լիցենզիաներ տրամադրելու առաջարկը»,- հայտարարել էր Ուկրաինայի նախագահը:
«Patriot» համակարգերը կենսական նշանակություն ունեն Կիևին և այլ քաղաքներին հարվածող ռուսական բալիստիկ հրթիռները որսալու կարողության տեսանկյունից, ուստի Թրամփին համոզելը՝ դիտարկել Կիևին այդ հրթիռների արտադրության թույլտվություն տալու հնարավորությունը, զգալի ձեռքբերում էր Զելենսկու համար, մեկնաբանում է պարբերականը:
Թրամփը նաև հայտնել է FT-ին, որ իր հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա՝ հաստատելով պարբերականի աղբյուրների տեղեկությունները: Սա կլինի նրանց առաջին այցը Կիև՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած մի քանի հանդիպումներից հետո:
«Պարզ ասած՝ մենք ուզում ենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմն ավարտվի,- ասել է ԱՄՆ նախագահը: — Ինձ հրթիռներ պետք չեն: Մեզ խաղաղություն է պետք»։
