Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշները, «Մուդիս» վարկանիշային գործակալությունը՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ որոշումը

Կառավարության նիստի ընթացքում վարչապետը անդրադարձել է այս շաբաթվա սկզբին Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տնտեսական ակտիվության ցուցանիշներին:

«Պետք է ուրախությամբ արձանագրենք, որ 2026 թվականի հունիսին 2025 թվականի հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով: Այսինքն՝ մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվության ցուցանիշ: Իհարկե, առաջատարը շարունակում են մնալ շինարարությունը և ծառայությունները, նաև արդյունաբերությունը բավականին լավ վիճակում է: Ավելի լավ ցուցանիշներ ունենք հունվար-հունիս կտրվածքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.9 տոկոս է, արդյունաբերության աճը՝ 10.8 տոկոս, շինարարությունը՝ 24 տոկոս, ծառայությունները՝ 11 տոկոս ակտիվության ցուցանիշն աճել է: Իհարկե, գյուղատնտեսության ոլորտում ունենք որոշակի խնդիրներ, բայց ուզում եմ հիշեցնել, որ երկար ժամանակ գյուղատնտեսությունում, առանց այս ընթացիկ խնդիրների, ունեինք որոշակի նվազման պրոցեսները, և այդ ամեն ինչը, առաջին հերթին, կապված էր գյուղատնտեսության տեխնոլոգիաների հետ, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք: Բայց տնտեսական ակտիվությունը բավականին լավ է Հայաստանի Հանրապետությունում: Պետք է արձանագրել նաև, որ զբոսաշրջության տեսակետից ռեկորդային ուղեծրի մեջ ենք և մեծ է հավանականությունը, հաշվի առնելով առաջիկայում սպասվող COP17 համաժողովը, 2026 թվականին զբոսաշրջության թվերը կլինեն բացարձակ առավելագույնը Հայաստանի պատմության մեջ»:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է նաև «Մուդիս» վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ 2026 թվականի հուլիսի 28-ին որոշման հրապարկմանը:

«Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է կայունից դրականի, իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է «Ba3» մակարդակում: «Մուդիսը» վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով՝ աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ և ներքաղաքական կայունությամբ, միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներ, 2026-2027 թվականներին ակնկալվում է 5-5.5 տոկոս տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ, տնտեսության կառուցվածքային ներուժի ուժեղացում՝ պայմանավորված ներդրումների աճով, հատկապես՝ տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ոլորտում տնտեսության շարունակական դիվերսիֆիկացմամբ և արտադրողականության բարձրացման հեռանկարներով»,-ընթերցել է վարչապետը:

Leave a Comment