
9-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո Հայաստանի կառավարությունը Սահմանադրությամբ սահմանված կարգով հրաժարական կներկայացնի, կառավարության վերջին հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս կազմով անցկացվում է կառավարության վերջին նիստը: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին ու աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ կառավարության մի շարք անդամներ և պաշտոնատար անձինք առաջիկայում կշարունակեն իրենց գործունեությունը Ազգային ժողովում՝ որպես պատգամավորներ։
Խոսքը վերաբերում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին։
Նրանք, իրենց հերթին, վստահեցրել են, որ խորհրդարանում ևս իրենց գործունեությունը կշարունակեն նույն նվիրումով և պատասխանատվությամբ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։