Թբիլիսիի ամենակոլորիտային ու հայերի համար ամենասիրելի անկյուններից մեկում՝ Մեյդանում, նոր շունչ է ստանում Սայաթ-Նովայի հուշարձանը։ Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է վերանորոգել քաղաքի սրտում գտնվող Սայաթ-Նովայի հուշարձանը։ Պետական գնումների գործակալությունը հաստատել է քաղաքային իշխանությունների դիմումը, որի համաձայն՝ քաղաքի այցեքարտերից մեկը համարվող հուշարձանի վերականգնման համար կտրամադրվի 43 900 լարի՝ ավելի քան 16 հազար դոլար։
Թբիլիսիի սրտում՝ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում գտնվող Սայաթ-Նովայի հուշարձանը նոր շունչ կստանա։ Քաղաքային իշխանությունները նախատեսում են ոչ միայն նորոգել ժամանակի ընթացքում վնասված հատվածները, այլև թարմացնել հուշարձանի գեղարվեստական տեսքը։ Աշխատանքների նախնական փուլում արդեն նռան ճյուղերին ավելացվել են նռան պտուղներ՝ կոմպոզիցիային հաղորդելով ավելի ամբողջական և արտահայտիչ տեսք։
Քաղաքի պատմական այս հատվածում Սայաթ-Նովայի հուշարձանը բացվել է 2009 թվականին՝ Հայաստանի և Վրաստանի պաշտոնյաների մասնակցությամբ՝ որպես հայ և վրաց ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։
Վրաստանի Հաշտեցման և քաղհավասարության հարցերով փոխնախարար Լիա Գիգաուրին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ Սայաթ-Նովայի հուշարձանը ոչ միայն հիշեցնում է հայ-վրացական դարավոր բարեկամության մասին, այլև խորհելու առիթ է տալիս դրա արժեքի շուրջ՝ թե՛ մարդկային հարաբերությունների, թե՛ երկու պետությունների միջև համագործակցության համատեքստում։
«Հենց Սայաթ-Նովան, որն իր ողջ ստեղծագործությամբ փառաբանել է բարեկամությունը, սերը, հավատարմությունն ու փոխադարձ աջակցությունը, այսօր էլ հիշեցնում է մեզ այդ հավերժական արժեքների մասին։ Նրա ստեղծագործությունը շարունակում է մնալ արդիական՝ ևս մեկ անգամ վկայելով, որ հենց այս արժեքներն են խաղաղ համակեցության և ժողովուրդների միջև բարեկամության ամենաամուր հիմքը»։
Քաղաքային իշխանությունների գնահատմամբ՝ քաղաքի բանուկ հատվածում իր տեղը գտած հուշարձանը տարիների ընթացքում խամրել է, իսկ դրա առանձին հատվածները վնասվել են, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել վերականգնման աշխատանքներ։
Քաղաքի այցեքարտերից մեկը դարձած հուշարձանը հեղինակել են վրացի հայտնի քանդակագործներ Գիա Ջափարիձեն և Կախա Քորիձեն։
Մագաղաթի, սազի և նռան ծառի ոճավորված ճյուղերից կազմված կոմպոզիցիան անցորդներին պատմում է հայ մշակույթի, կովկասյան համակեցության և հայ-վրացական դարավոր բարեկամության մասին։
«Օրերս իմացա, որ քաղաքապետարանը վերանորոգում է հուշարձանը։ Շատ ուրախացանք։ Գիտեք, սա արդեն մեր քաղաքի մշակութային դիմագիծը կերտող հուշարձաններից մեկն է, և մենք՝ Թբիլիսիի հայերս, իսկապես հպարտ ենք դրանով»։
«Սայաթ-Նովան ոչ միայն հայ ժողովրդի, այլև Թիֆլիսի հպարտությունն է։ Նրա երգերը մինչև այսօր հնչում են հայերի տներում։ Մենք շարունակում ենք երգել ու պահպանել սայաթնովյան երգարվեստը»։
«Ես հենց նոր տեղեկացա, որ այս հուշարձանը նվիրված է հայ մեծանուն աշուղ Սայաթ-Նովայի հիշատակին։ Ուրախ եմ, որ այն պահպանվում է և այժմ էլ վերականգնվում է։ Զբոսաշրջիկների, այդ թվում՝ ինձ համար, հաճելի է այստեղ լուսանկարվել։ Շնորհակալ եմ, որ այս հուշարձանի շնորհիվ հնարավորություն ունեցա ավելի մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին և Սայաթ-Նովայի պատգամին՝ խաղաղության, համակեցության և սիրո գաղափարին, որը, հավատում եմ, այսօր էլ շարունակում է ապրել այս քաղաքում»։
Սայաթ-Նովայի արձանը Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հարակից տարածքում է։ Ըստ պատմական ավանդության՝ 1795 թվականին Աղա Մահմեդ խանի արշավանքի ժամանակ Սայաթ-Նովան նահատակվել է Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում և թաղվել եկեղեցու բակում։
Պատահական չէ, որ հուշարձանը տեղադրվել է հենց այստեղ՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հյուսիսային պատի ստորոտում։ Այս վայրն ընտրվել է ոչ միայն հուշարձանի գեղարվեստական արժեքն ընդգծելու, այլև Սայաթ-Նովայի կյանքի վերջին օրերի հետ ունեցած պատմական կապի պատճառով։ Մեյդանը եղել է հին Թիֆլիսի այն միջավայրը, որտեղ Սայաթ-Նովան ապրել, ստեղծագործել և արքունիքում ծառայելու տարիներին հաճախել է։
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի խոսքով՝ Սայաթ-Նովան Թբիլիսիում ապրող հայերի արդեն մի քանի սերնդի համար դարձել է ոչ միայն մեծ աշուղի կերպար, այլև հայ-վրացական բարեկամության կենդանի խորհրդանիշ։
«Սայաթ-Նովայի մեծությունը հատկապես կարևոր է մեզ համար՝ այստեղ ծնված ու մեծացածներիս։ Սայաթ-Նովան խորհրդանշում է մեր երկու ազգերի եղբայրությունը։ Իր ստեղծագործությամբ նա եղել է եղբայրության, բարեկամության և սիրո քարոզիչ»։
Ավելի քան երկու դար անց էլ Սայաթ-Նովայի երգերը շարունակում են հնչել տարբեր լեզուներով, իսկ նրա անունը՝ միավորել մարդկանց։ Թբիլիսիի սրտում կանգնած այս հուշարձանի վերականգնումը ևս մեկ անգամ վկայում է, որ նրա պատգամած խաղաղ համակեցության, սիրո և բարեկամության արժեքները ժամանակի ընթացքում չեն խամրել։ Ընդհակառակը՝ դրանք շարունակում են կամուրջներ կառուցել ժողովուրդների միջև՝ ինչպես Սայաթ-Նովայի կենդանության օրոք, այնպես էլ այսօր։