Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) մասնագետները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից (ԲԸՏՄ) ահազանգ են ստացել Մարտունի քաղաքի սեփական տներից մեկում գտնվող արջի քոթոթի մասին։ Կենտրոնի մասնագետները, տեսուչների ուղեկցությամբ, անմիջապես մեկնել են նշված հասցե։
Ըստ հայտնաբերողների՝ քոթոթին նկատել են Այրիջայի լեռներում, որտեղ կենդանին հայտնվել էր շների հարձակման թիրախում։ Բնակիչները միջամտել են, կենդանուն ազատել վտանգից, ժամանակավորապես տեղափոխել անվտանգ տարածք և կապ հաստատել ԲԸՏՄ տեսուչների հետ։
«Տեղում իրականացված նախնական զննության համաձայն՝ այս տարի ծնված էգ քոթոթը բավականին ակտիվ է, դրսևորում է վայրի վարքագիծ և մարդկանց նկատմամբ առողջ զգուշավորություն։ Կենդանու առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։
Քոթոթն արդեն տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։ Նա դարձավ կենտրոնում խնամվող 5-րդ քոթոթը․ այս պահին ապաստարանում արդեն իսկ գտնվում են ևս 4 արջի ձագեր։ Մասնագետների շուրջօրյա հսկողությամբ և բնությանը հնարավորինս մոտեցված պայմաններում իրականացվելու է նրանց խնամքն ու աճեցումը՝ հետագայում վայրի բնություն անվտանգ վերադարձնելու նպատակով»,- ասված է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) հիմնադիր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter