Ջրամատակարարման համակարգը քայքայված է և լուրջ ներդրումների կարիք ունի․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, և այդ ոլորտում անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով Բյուրեղավան համայնքում խմելու ջրի շեղումների հետևանքով արձանագրված աղիքային վարակի դեպքերին։

Նրա խոսքով՝ ջրամատակարարման ցանցը երկրում մաշված է և ունի հիմնավոր արդիականացման կարիք։ Նա ընդգծել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունն ու մյուս պատասխանատու մարմինները պետք է լուրջ հետևություններ անեն և կայացնեն անհրաժեշտ որոշումներ։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը շեշտել է, որ միայն խողովակ քաշելով և ֆինանսական միջոցներ հատկացնելով հարցը չի լուծվում, քանի որ համակարգում առկա է նաև կառավարման, սպասարկման և վերահսկողության որակի փոփոխության խիստ անհրաժեշտություն։

«Մեզ երբեմն թվում է, որ խողովակներ տեղադրելով՝ հարցը լուծեցինք, բայց եթե այդ ամենն ամենօրյա սպասարկման չենթարկվի, նորից ունենալու ենք նույն պրոբլեմները։ Ամենօրյա սպասարկման համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։ Ընդ որում՝ ռիսկերի կառավարումը ներառվում է նաև սակագների մեջ։ Մենք պետք է առերեսվենք խնդրի հետ և առաջնորդվենք ստանդարտներով։ Բոլոր պրոցեսները պետք է ներառված լինեն սակագնի մեջ, որպեսզի կարողանանք երկարաժամկետ ապահովել ամենօրյա ջրամատակարարման որակյալ սպասարկում»,- ասել է Փաշինյանը։ 

Leave a Comment